Միասին պաշտպանենք մեր խախտված իրավունքները

Միասին պաշտպանենք մեր խախտված իրավունքները

հայտարարություն

01.05.2018թ․ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (այսուհետ՝ ԻԵՄ) իրականացնում է «Աջակցություն Հայաստանում հավաքների ազատության իրավունքի իրականացմանը» ծրագիրը Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի մասնակի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է իրավաբանական օգնություն տրամադրել 2018թ․ ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում հավաքների և այլ հիմնարար իրավունքների խախտումներից տուժած անձանց։

Այդ նպատակով ԻԵՄ-ն առաջին հերթին հրավիրում է այդ հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց դիմել մեզ իրենց խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

ԻԵՄ-ը նաև հրավիրում է այն իրավաբաններին/փաստաբաններին, որոնք իրավաբանական օգնություն են ցուցաբերել վերոհիշյալ հավաքների ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած անձանց համագործակցել մեզ հետ՝ վստահորդների համաձայնությամբ մեզ փոխանցելով այն անձանց տվյալները, որոնք ցանկանում են հետամուտ լինել իրենց խախտված իրավունքների պաշտպանության իրավական ընթացակարգերով։

Այդ նպատակով ԻԵՄ-ի կողմից հրավիրված իրավաբանները/փաստաբանները կկազմակերպեն և կիրականացնեն նրանց խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական գործընթաց՝ ըստ անհրաժեշտության ներկայացնելով հայցեր ՀՀ վարչական դատարան, հաղորդումներ իրավապահ մարմիններին և ներգրավվելով նրանց իրավունքների խախտումների կապակցությամբ հարուցված քրեական գործերում՝ ներկայացնելով նրանց շահերը։

Համոզված ենք, որ 2018թ․ ապրիլի հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը խիստ կարևոր է ոչ միայն անհատական մակարդակում այդ իրավունքների պաշտպանության, այլև հետագայում նման խախտումների կանխարգելման, ինչպես նաև օրենսդրության, ոստիկանական և դատական պրակտիկաների հետագա բարեփոխման լույսի ներքո։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ գրավոր europeinlaw@gmail.com կամ զանգահարելով ԻԵՄ-ի գրասենյակ՝ 099 588576, 010 500665 հեռախոսահամարներին։