Հայտարարություն

Հայտարարություն

Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման ընթացակարգի վերաբերյալ

 

 

30.04.2018թ

 

26.04.2018թ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավորի թեկնածուի, որի ընտրության հարցը, ըստ Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանի, քննարկվելու է մայիսի 2-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում: 

 

Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

 

Սահմանադրական դատարանը բարձրագույն դատական ատյան է, որը սահմանադրության միակ և վերջին անկախ մասնագիտական պաշտպանությունն իրականացնող մարմինն է։

 

Սահմանադրական դատարանի լիազորությունները ընդգրկում են Հայաստանի Հանրապետության կենսական կարևորության բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են, ի թիվս այլնի, Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության հարցերը, ինչը բացի դատավորի անձին առաջադրվող բարձր մասնագիտական որակներից Սահմանադրական դատարանի անդամներից պահանջում է նաև բարձր անձնական հատկանիշներ և որակներ։

 

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Հիշյալ կարգավորումն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար երաշխիք է Սահմանադրական դատարանի անդամների լիարժեք անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար։ Ազգային ժողովը, միաժամանակ, չի կարող ապահովել նաև թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգման հարցը:

 

Առանց համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանմամբ ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի հնարավոր չէ ապահովել Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և այդ թեկնածուների ընտրության հարցում ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները՝ հավասար մրցակցությունը, ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը։ Հիշյալ սկզբունքներն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության անբաժանելի բաղադրիչներն են:

 

Համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանմամբ ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության լիազորություն ունեցող մարմիններն իրականում զրկվում են որակյալ ընտրության հնարավորությունից, իսկ մեկ թեկնածուի պարագայում Ազգային ժողովն ընտրող մարմնից վերածվում է ընդամենը որոշում դակող մարմնի։

 

Սահմանադրական դատարանի կազմավորման եւ դրա դատավորների ընտրության այս  ոչ թափանցիկ գործելաոճը խոր արմատներ ձգած արատավոր, նույնիսկ՝ վտանգավոր հակապետական երեւույթի է վերածվել: Այն մշտապես ստվերել է Սահմանադրական դատարանի հեղինակությունը հանրության աչքում:

 

Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պետական մարմինների լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական և ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով։ Հետևաբար հանրային իշխանությամբ օժտված մարմինների որոշումները պետք է լինեն հիմնավոր եւ իրենց նպատակին համահունչ, դրանց կայացումը պետք է լինի թափանցիկ եւ հնարավորինս հրապարակային, իսկ դրանց կայացման ընթացակարգում թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա արդարության նվազագույն չափանիշներին բավարարող պահանջների պահպանմամբ՝ բացառելով հանրության կողմից նման որոշումների կամայականության կանխավարկածը:

 

Որևէ իրավական, քաղաքական կամ այլ արդարացում չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ընտրության հարցում ավելի ցածր ստանդարտներով առաջադրումն ու ընտրությունը այն պարագայում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատավորների թեկնածուների ընտրությունն է կազմակերպվում մրցույթի միջոցով: Հակառակ դեպքում, այսիպիսի նշանակումները եւ ընտրությունները հովանավորչության եւ ոչ թափանցիկ եւ հակադեմոկրատական ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում, որն առաջին հերթին անարդարացիորեն վնասում եւ վտանգում է հենց ընտրվող դատավորի հեղինակությունը:

 

Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝

 

Խնդրում ենք

 

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին․

 

Հետ կանչել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր կողմից արդեն ներկայացրած թեկնածության առաջադրումը և ձեռնամուխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման։

 

Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին․

 

Հանրապետության նախագահին ուղղված վերը նշված խնդրանքը որեւէ պատճառով չբավարարվելու դեպքում 2018թ մայիսի 2-ին չընտրել Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուին՝ հնարավորություն ընձեռելով Հանրապետության նախագահին թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի միջոցով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության համար։

 

Հայտարարությանը միացած կազմակերպություններ՝

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Շողեր» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Հանրային օրակարգ» ՀԿ

«Քալրֆուլ Հաուս» ՀԿ

«Նոր սերունդ» ՀԿ

«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

«Հակաստվեր» ՀԿ

«Խազեր» ՀԿ

«Էլեգիա» ՀԿ

«Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ

«Եվրասիա համագործակցության հիմնադրամ» ՀԿ

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»ՀԿ

«Առողջապահություն և աշխատանք» ՀԿ

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ

«Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

«Տրտու» ՀԿ

«Աստղացոլք» ՀԿ

«Ֆեմիդա» ՀԿ

«ՏՆտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

 

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Comments To "Հայտարարություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: