Ինքնաբացարկի միջնորդություն ուղղված ՄԻՊ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

պրն. Կարեն Անդրեասյանին

Հասցե՝ Պուշկինի փ. 54, Երևան 0002

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի

նախագահ Լուսինե Հակոբյանից

Հասցե` Նալբանդյան 5, 206 սենյակ, Երևան 0010

Հեռ. 010 588 576,099 588-576, 091 588576

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն Անդրեասյան,

                «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև «ԻԵՄ» ՀԿ) 2014թ. սեպտեմբեր ամսիսկզբից դիտորդություն է իրականացնում ՀՀ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթների, դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման քննությունների, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի նկատմամբ: 2014թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի դիտարկման շրջանակներում բազմիցս դիմել ենք Ձեզ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիդ, ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ նաև Մրցութային հանձնաժողով) կողմից թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների, ինչպես նաև մեր իրավունքների խախտման առնչությամբ միջամտելու, միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Մասնավորապես՝

1.       24.09.2014թ. դիմել ենք Ձեզ «iLur.am»առցանց լրատվամիջոցի  լրագրող Մարիամ Մուրադյանի հետ համատեղ՝ Արդարադատության նախարարության կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար դիմողների ցանկը չտրամադրելու կապակցությամբ:

2.       20.10.2014թ. ստացել ենք պատասխան, ըստ որի՝ Մարիամ Մուրադյանը ՀՀ արդարադատության նախարարություն որևէ դիմում չի ներկայացրել:

3.       29.09.2014թ. դիմել ենք ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/՝ խնդրելով տրամադրել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվող համապատասխան գրանցամատյանի պատճենը, հանձնաժողովին ներկայացված հավակնորդների ցուցակի և դրան կից դիմումատուների փաստաթղթերի, ինչպես նաև մրցույթային այլ փաստաթղթերի պատճենները, տրամադրել տեղկատվություն հանձնաժողովի նախկինում կայացված և ապագայում կայանալիք նիստերի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:

4.       29.09.2014թ. նույնաբովանդակ դիմում ենք ներկայացրել ՄԻԵԴդատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ Հ. Մանուկյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/:

5.       29.09.2014թ. Դիմել ենք ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/՝ խնդրելով տրամադրել 29.09.2014թ. մրցութային հանձնաժողովի կողմից գումարած նիստի արձանագրության պատճենը:

6.       Նույնաբովանդակդիմում ենք ներկայացրել ՄԻԵԴդատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ Հ. Մանուկյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/:

7.       30.09.2014թ. Դիմել ենք ՄԻՊ Կարեն Անդրեասյանին 29.09.2014թ. Արդարադատության նախարարությունում 25 րոպե ուշացմամբ դիմումը ընդունելու, ինչպես նաև ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ըտրության մրցութային հանձնաժողովի նիստի և վայրի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ:

8.       20.10.2014թ. Ստացել ենք պատասխան ՄԻՊ-ից, ըստ որի՝ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ Լ. Հակոբյանը և Տ. Եգորյանը 01.10.2014թ. ներկայացել են ՀՀ արդարադատության նախարարություն մրցութային փաստաթղթերին ծանոթանալու նպատակով:

9.       Փաստաբանական հարցում ենք ուղարկել արդարադատության նախարար Հ. Մանուկյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/ նախարարության ընդունարանում և աշխատակազմում առկա տեսախցիկների և ներկայացված փաստաթղթերի և փոստային ծրարների/առաքանու գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով:

10.    07.10.2014թ. Դիմել ենք ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/՝ խնդրելով տրամադրել մրցույթին մասնակցող հավակնորդների գնահատման վերաբերյալ կազմված արձանագրությունները, մրցութային հանձաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքները և հարցազրույցի փուլում հանձնաժողովի անդամների տնօրինման տակ գտնվող փաստաթղթերը՝ ծանոթացման նպատակով: Լեզվի իմացության ստուգման շրջանակներում լեզվի մասնագետների կատարած նշումները կամ գնահատման արդյունքները:

11.    09.10.2014թ. Դիմել ենք ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին և Արդարադատության նախարար Մանուկյանին/՝ խնդրելով տրամադրել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլի տեսաձայնագրառումները, ինչպես նաև՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքները և գնահատման արդյունքների արձանագրությունները:

12.    05.12.2014թ. Բողոք ենք ներկայացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին /պատճենը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին/ 17.10.2014թ. «Հայփոստ» ՓԲԸ մուտքագրված երկու փաստաբանական հարցումներին երկու ամիս շարունակ չպատասխանելու վերաբերյալ:

Փաստորեն, մեր կողմից ներկայացված տասը դիմումներից միայն երկուսին է պատասխան տրվել ՄԻՊ գրասենյակի կողմից, իսկ պատասխաններն, ըստ էության, եղել ենպոստ ֆակտում տեղի ունեցածի ուշացած արձանագրություններ էին:

Վերոգրյալից թերևս կարելի է եզրակացնել, որ ՄԻՊ գրասենյակն առհասարակ արդյունավետ չի գործում, սակայն վերը նշված, ինչպես նաև «ԻԵՄ» ՀԿ-ի իրականացրած այլ առաքելությունների ընթացքում առաջացող խնդիրների կապակցությամբ ականատես ենք եղել ՄԻՊ գրասենյակի կողմից ձեռնարկվող բավական օպերատիվ և որոշ դեպքերում` արդյունավետ միջամտության:

Ավելին, վերոնշյալ դիմումների և բողոքներիառիթը հանդիսացող պատճառներին Դուք քաջատեղյակ եք եղել նաև անձամբ մինչև մեր դիմումներն ստանալը, քանի որ հանդիսանում եք Մրցութային հանձնաժողովի անդամ, և անձամբ ստացել եք տեղեկատվություն տրամադրելու պահանջով «Իեմ» ՀԿ-ի բոլոր դիմումները: Այն փաստը, որ Ձեր կողմից չի հրապարակվել ոչ մի հատուկ կարծիք և դուք երբևէ բարձրացված հարցերի կապակցությամբ հրապարակավ հանդես չեք եկել և չեք անդրադարձել հանրության ուշադրության կենտրոնում գտնվող գործընթացի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային լինելուն և  Սահմանադրության և օրենքների խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, թույլ է տալիս հաստատապես պնդելու, որ առկա է շահերի բախում Մրցութային հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանի և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջև: Ակնհայտ է որ դուք ի վիճակի չեք իրականացնելու ՄԻՊ-ի գործառույթներն սռնվազն ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կապակցությամբ՝ հանդիսանալով խախտումներ իրականացնելու մեջ կասկածվող մարմնի անդամ: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում (օրինակներն ավելորդ ենք համարում` դրանց բազմաթիվ և հանրահայտ լինելու պատճառով) մասնագիտական էթիկայի անվիճելի կանոն է նման իրավիճակներում շահերի բախման կամ նույնիսկ դրա առերևույթ հնարավորության պայմաններում ինքնաբացարկի հայտնումը, իսկ Ձեզ նման բարձրաստիճան պաշտոնյաների համար`ուղղակի օրենքի պահանջ է (ՀՀ ՄԻՊ մասին օրենք հոդված 4-րդ):Բացի այդ, գործնականում անհնար է որպեսզի դուք, որպես ՄԻՊ, բացահայտեք Ձեր անբավարար աշխատանքը որպես Մրցութայի հանձնաժողովի անդամի, իսկ նույն հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու և այդ աշխատանքները մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խախտող որակվելու դեպքում` անմիջապես հարց է առաջանում Ձեր այդ հանձնաժողովի անդամի կարգավիճակում անգործության վերաբերյալ:

Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովին Ձեր անդամակցությունը կաշկանդում է Ձեզ այդ մարմնի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների դեպքերի առնչությամբ պատշաճ միջամտելու առումով: Ավելորդ համարելով քննարկել Մրցութային հանձնաժողովի կազմում Ձեր և մրցույթի լեզվի ստուգման աշխատանքներին մասնակցող Ձեր մորաքրոջ աղջկա միջև առկա շահերի բախման հարցը, ինչպես նաև այլ հիմնավորումները`, խնդրում ենք ինքնաբացարկ հայտնել և հրաժարվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց՝ ապահովելով Սահմանադրությամբ և օրենքով սահմանված` ՄԻՊ-ի գործառույթների իրականացումը, չվտանգելով այդ կարևոր ինստիտուտի իրական և արդյունավետ աշխատանքը և դրանով երաշխավորելովՀայաստանի Հանրապետության համար այնչափ կարևոր պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի ընթացքի կապակցությամբ բողոքների՝ Ձեր կողմից անկաշկանդ քննությունը: Դրանով Դուք կերաշխավորեք ՄԻՊ սահմանադրաիրավական գործառույթների լիարժեք իրականացումը և ներպետական և միջազգային ասպարեզներում Մարդու իրավունքների պաշտպանի հնարավորինս բարձր հեղինակությունը:

 

Հարգանքով՝

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի նախագահ

Լուսինե Հակոբյան


Comments To "Ինքնաբացարկի միջնորդություն ուղղված ՄԻՊ-ին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: