Հայտարարություն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ

Հայտարարություն համաժողովրդական շարժման առաջադրած պահանջների իրագործման իրավական որոշ լուծումների վերաբերյալ Հաշվի առնելով Հայաստանում ծավալված շարժման համաժողովրդական բնույթը և առաջադրած՝ քաղաքական իշխանության փոփոխման պահանջը՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ դրա իրագործման իրավական լուծումներին և միջոցներին: Ակնհայտ է, որ ժողովրդի քաղաքական նախընտրությունը խիստ տարբերվում է Ազգային ժողովում արտացոլված քաղաքական ուժերի առկա բաշխումից: Հետևաբար ոչ Ազգային ժողովը, ոչ դրա կողմից ձևավորված մարմինները չեն արտացոլում ժողովրդի կամքը քաղաքական ուժերի բաշխվածության տեսանկյունից: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է ֆորմալ իշխանության և ժողովրդի իշխանության միջև խզումը և այն, որ ֆորմալ իշխանությունը (ԱԺ-ի կայուն մեծամասնությունը) չի արտացոլում և համապատասխանում հրապարակի (ժողովրդի) կամքին: Հետևաբար ակնհայտ է, որ Սահմանադրական ճգնաժամից խուսափելու նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում անհրաժեշտ է ապահովել ժողովրդի իշխանության իրականացում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ազատ ընտրությունների միջոցով: Մինչ այդ ԱԺ-ի փաստացի մեծամասնությունն ստեղծված քաղաքական իրավիճակում անխուսափելիորեն պարտավոր է հաշվի նստել հրապարակի (ժողովրդի) իշխանության հետ և ի կատար ածել հրապարակի առաջ քաշած քաղաքական լուծումը՝ ժողովրդի թեկնածուին Աժ-ի կողմից վարչապետի պաշտոնում ընտրելը: Ժողովրդի թեկնածուի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման և ընտրության գործընթացը քաղաքական գործընթաց է, որը ոչ մի կերպ Սահմանադրության խախտում չի առաջացնում և չի հակասում Սահմանադրությանը, քանի որ այդ գործընթացը կատարվելու է բացառապես Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Հենց այս պարզ ճշմարտությունը հաշվի չառնելը, և ֆորմալ իշխանությունը ժողովրդի իրական իշխանությանը հակադրելու փորձերն են ունակ առաջացնելու ճգնաժամ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին պետք է նախորդի ընտրական օրենսդրության (ՀՀ ընտրական օրենսգիրք, հարակից օրենսգրքեր և օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր) համալիր վերանայում՝ հաշվի առնելով ընտրական օրենսդրության և գործընթացների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի, տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականներն ու առաջարկությունները, ինչի նպատակը պետք է լինի ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի գաղտնի քվեարկությամբ իրացնելու օրենսդրական անհրաժեշտ և բավարար երաշխիքների ամրագրումը, ինչպես նաև ընտրական իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների, մեխանիզմների երաշխավորումը, առանց որի ընտրությունների արդարության և արդյունքների նկատմամբ վստահության հարցը հնարավոր չի լինի ապահովել։ Հիշյալ նպատակների արդյունավետ և վստահելի կերպով կյանքի կոչման համար անհարժեշտ է․ Ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող նոր կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ձևավորված նոր ԿԸՀ-ն պետք է ձեռնամուխ լինի ընտրական գործընթացում չափազանց կարևոր դերակատարում ունեցող տարածքային հանձնաժողովների նոր և անկախ կազմերի ձևավորմանը: Անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի կողմից մերժված իշխանությունից անկախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմեր, որոնք կսպասարկեն ազատ և արդար ընտրությունները՝ ծառայելով հանրային շահին: Հաշվի առնելով ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիության վերացումը՝ պետք է հրապարակվեն կամ տրամադրվեն նախորդ ընտրությունների, այդ թվում 2015թ․ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: Իրավունքի Եվրոպա միավորում
Comments To "Հայտարարություն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: