Հայտարարություն

Հայտարարություն

հավաքների ազատությանն առնչվող գործերով արդյունքների և ընթացքի մեջ գտնվող գործերով զարգացումների մասին

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն շարունակում է ոստիկանության կողմից խաղաղ հավաքի իրավունքի իրականացմամբ պայմանավորված հավաքի մասնակիցներին ազատությունից զրկելու (բերման ենթարկելու/ձերբակալելու) և դրան հաջորդած ոստիկանության հարուցած հայցերով դեռևս 2013 թվականից սկիզբ առած գործերի վարումը:

Դրանց մի մասով հաջողության ենք հասել ազգային մակարդակում, և դատարանների վճիռներով արձանագրվել են հավաքների մասնակիցների իրավունքների խախտումները, իսկ մի մասով՝ պարտվել:

Այս ծրագրի շրջանակներում չափազանց կարևոր արդյունքների ենք հասել իրավունքների նվաճման տեսանկյունից: Սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի և վարչական դատավարության օրենսգրքի տարբեր կարգավորումներ, ինչի արդյունքում լուծվել են դատավարական իրավունքների իրացման տարբեր խնդիրներ, ըստ էության վերացվել են վարչական կալանքի՝Սովետական միությունից ժառանգված ինստիտուտի մնացորդները, նվաճվել է բարոյական վնասի փոխհատուցման իրավունքը և արդեն իսկ կա պրակտիկայում դրա կյանքի կոչման նախադեպը:

Որպես ընդհանուր արդյունք՝ այժմ թեև ոստիկանությունը տարբեր հավաքների, ցույցերի և բողոքի ակցիաների մասնակիցներին շարունակում է բերման ենթարկել և ազատությունից զրկել, դա արդեն արվում է այլ պատրվակներով և վարչական իրավախախտման պատրվակով չի իրականացվում վարույթ, չի կազմվում այդպիսի արձանագրություն և, որ շատ կարևոր է, հավաքի մասնակիցների նկատմամբ չի կիրառվում վարչական դատարանի միջոցով տուգանքի ենթարկելու արատավոր գործիքը, ինչը բացասաբար էր ազդում մարդկանց՝ իրենց հիմնարար իրավունքների իրականացման պատրաստակամության վրա: Իհարկե դեռ շատ անելիք կա: Շարունակական և հետևողական աշխատանքի արդյունքում պետք է լիարժեքաբար բացառել տարբեր պատրվակներով հավաքները ցրելու և դրանց մասնակիցների ազատությունը սահմանափակելու արատավոր պրակտիկան:

Այս կարևոր է նաև  բոլոր այն գործերով, որոնցով հաջողության չենք հասել ներպետական դատարաններում, դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սա չափազանց կարևոր և ըստ էության իրավական պայքարի տեսանկյունից վերջին արդյունավետ գործիքն է՝ խախտված իրավունքի համար պայքարում:

Այս առումով չափազանց կարևոր է բարձր իրավագիտակցության դրսևորումը և հետևողական պայքարը, ինչի համար շնորհակալ ենք բազմաթիվ մեր վստահորդներին, ովքեր նույնիսկ աշխարհի տարբեր երկրներում գտնվելով հանդերձ՝ ակտիվորեն մասնակցում են իրենց գործերին, որոնք վարում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն,և կատարում են իրենցից կախված անհրաժեշտ նվազագույն գործողությունները, այն է՝ ստորագրում են անհրաժեշտ լիազորագրերը, և երբեմն անգամ անում են ավելին՝ գանգատի հետ մեկտեղ դրանք ուղարկելով ՄԻԵԴ։  Ցավոք, լինում են դեպքեր, երբ քաղաքացիներն այդքան էլ պատրաստակամ չեն լինում կատարել իրենց գործերը շարունակելու և չտապալելու համար անհրաժեշտ նվազագույն գործողությունը, այն է՝ լիազորագրերի ստորագրումը։ Ուստի խնդրում ենք բոլորին, ովքեր իրավունքի խախտման զոհ են դարձել և ում գործով հնարավոր չի եղել հաղթանակ ապահովել ազգային դատարաններում, անհաղորդ մի մնացեք և մի ձախողեք հիմնարար իրավունքների համար ծավալած և մինչ օրս ընթացող այս պայքարն ու այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է այս տարիների ընթացքում, արձագանքեք մեր  զանգերին և ըստ ներկայացված անհրաժեշտության՝այցելեք մեր գրասենյակ և ստորագրեք անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ձեր գործի վարույթը շարունակվի:

Հ․Գ․

Հիշեցնենք, որ ԻԵՄ-ը քաղաքացիների՝ հավաքների ազատությանն առնչվող իրավունքների պաշտպանության գործերն իրականացրել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում՝ վարելով ծրագրով նախատեսված գործերի քանակը կրկնակի գերազանցող գործեր։ Ծրագիրը սկսել է 2014 թ․ ապրիլից և ավարտվել 2016 թ․ հուլիսին։ Անգամ ծրագրի ավարտից հետո ԻԵՄ-ը մինչ օրս շարունակում է վարել այս գործերը՝ նպատակ ունենալով դրանք հասցնել ավարտին։

Շնորհակալ ենք նաև այն իրավաբաններին, որոնք մեզ հետ համագործակցեցին ծրագրի իրականացման ողջ ընթացքում։

«Իրավունքի Եվրոպա միավորում» հկ


Comments To "Հայտարարություն " - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: