Տարածքային ընտրական հանձնաժողովներն անկախ չեն գործել

Տարածքային ընտրական հանձնաժողովներն անկախ չեն գործելպնդում են դիտորդներին ներկայացնող իրավաբանները

 Վարչական դատարանում շարունակվում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների և դիտորդական կազմակերպությունների ներկայացրած հայցերի քննությունը։ 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներն ու դիտորդական կազմակերպություններն իրենց հայցերով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել տեղամասային ընտրական հանձնաժողով(ներ)ի/հանձնաժողով(ներ)ի նախագահ(ներ)ի գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով(ներ)ի որոշում(ներ)ը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որոնց հետևանքով խախտվել են դիտորդների սուբյեկտիվ և օբյեկտիվ ընտրական իրավունքները։ Երկու գործով դատարանն արդեն կայացրել է վճիռ` մասնակի բավարարելով հայցերը։

Ի դեպ, թեպետ նախաձեռնությունն ի սկզբանե ներկայացրել էր 96 հայց, դատարանը վարույթ էր ընդունել դրանցից ընդանենը 63-ը։  28 գործով նախաձեռնությունը բողոքարկել է դատարանի՝ հայցը վարույթ չընդունելու որոշումները վերաքննիչ վարչական դատարան, որն արդեն բավարարել է այդ հայցերից 25-ը, ինչի շնորհիվ էլ այս հայցերը ևս կընդունվեն վարույթ։

 Նախաձեռնության ներկայացրած հայցերի հիմքում ընկած խախտումները բազմազան են ու տարատեսակ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին (դիտորդի իրավունքների խախտում, ճնշում դիտորդների վրա, օրենքով սահմանված փաստաթղթերի չտրամադրում դիտորդին, լուսա/տեսանկարահանման խոչընդոտում), թե՛ ընդհանուր (օբյեկտիվ) ընտրական իրավունքին (ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի և հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, քվեարկության սենյակի սխալ կահավորում, քարոզչական նյութերի առկայություն, տեսախցիկների աշխատանքի խափանում, հանձնաժողովի անդամների գործոռույթների բաշխման վիճակահանության և այդ գործառույթների կատարման հերթափոխի կարգի խախտում, ընտրողների գրանցման էլեկտրոնային տեխնիկական սարքավորման խափանում, կրկնաքվեարկություն կամ կրկնաքվեարկության փորձ, տեխնիկական սարքավորման էլեկտրոնային ցուցակների և  ընտրողների ստորագրվող թղթային ցուցակի անհամապատասխանություն/ ցուցակներից անձի տվյալների բացակայություն, չկնքված կտրոններ, չկնքված քվեատուփ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում,անձի՝ ընտրական իրավունքից զրկվելու դեպքեր, քվեարկության ընթացում թեկնածուի ներկայություն տեղամասում, քվեաթերթիկների և քվեարկության պարագաների ներսբերում, դուրսհանում, կուտակումներ, օգնության կարգի խախտում, ուղղորդում կամ ուղեկցում, քվեարկության գաղտնիության խախտում/բաց քվեարկություն, այլ անձի փոխարեն ստորագրություն, կնիքի կորուստ, ինքնասոսնձվող դրոշմանիշը մեկից ավելի քվեաթերթիկների վրա փակցնելու դեպքեր, ամփոփիչ արձանագրության մեջ ընտրությունների արդյունքների գրանցում մատիտով, շրջիկ արկղով քվեարկության կարգի խախտումներ, արդյունքների կեղծում, ամփոփման կարգի խախտում, քվեաթերթիկների անվավերության որոշման կարգի խախտում, կտրոնների թվի անհամապատասխանություն ստորագրությունների թվին, հյուրասիրություն տեղամասում, հասցեի հետ կապված խնդիրներ, հոսանքազրկում ամփոփման նիստի ընթացքում)։

Դիտորդներին ներկայացնող իրավաբանները դատարանում բարձրացնում են նաև տարածքային ընտրական հանձնաժողովների անկախ չգործելու և ինքնուրույնության բացակայության և կենտրոնական ընտրական հանձնաժողովին ենթարկվելու հարցը։ Նրանք նշում են, որ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները կազմվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի մշակած ձևաթղթերի հիման վրա, և այդ որոշումները հիմնականում տառացի ճշգրտությամբ կրկնել են իրար` նույնական են եղել։ Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովն, օրինակ, իր որոշումները հրապարակելուց հետո դրանք փակցրել է ՏԸՀ պատին և որոշումներից երկուսից (Թիվ 5-Ա և 6-Ա) ակնհայտ է եղել, որ դրանք կազմվել են բոլոր ՏԸՀ-ների համար նախապես մշակված ձևաթղթի հիման վրա։  Սա պարզ է դառնում նրանից, որ հաստատված որոշման տեքստում մի քանի տեղերում տարածքային հանձնաժողովի համարի, ինչպես նաև դիմողի անուն-ազգանվան փոխարեն նշված են եղել բազմակետեր, որպեսզի հետագայում համապատասխան հանձնաժողովը դրանց փոխարեն ուղղակի լրացնի դիմում-բողոք ներկայացնող անձի անունը․բացի սրանից՝ նախատեսվել են նաև մերժման ստանդարտ հիմնավորումներ այն դեպքերի համար, երբ դիմումատու է հանդիսանում հասարակական կազմակերպություն։ Վերոնշյալ երկու որոշումներում, օրինակ,  ենթավերնագրի տեսքով նշված է «Եթե ՀԿ դիմումատու կա» արտահայտությունը, ինչը նույնպես վկայում է բոլոր ՏԸՀ-ների համար նախապես մշակված որոշումների նախագծերի առկայության մասին։ Այս ամենը բացահայտվել է զավեշտալի պատահականության արդյունքում, քանի որ  բազմակետերն ու հիշյալ արտահայտությունը վերջնական որոշման տեքստից մոռացել են ջնջել: Ի դեպ, սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման մասին որոշման  վիճարկման շրջանականերում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն պատրաստել է որոշումների ձևաթղթեր, որոնք ՏԸՀ-ներն ընդունել և հաստատել են որպես որոշումներ, սակայն հիմնավորել դա նրանով, որ ԿԸՀ-ն իրավասու է հրահանգավորում իրականացնելու ՏԸՀ-ների շրջանում։ Տարածքային ընտրական հանձնաժողովների անկախության և ինքնուրույնության բացակայությունը հիմնավորվում է նաև նրանով, որ դիմում/բողոքները ներկայացնելուց (03.04.2017թ. և 04.04.2017թ.) հետո մինչև 07.04.2107թ. որևէ գործողություն դրանց քննարկման ուղղությամբ չեն իրականացրել, ավելին` այդ երկու-երեք օրերի ընթացքում ՏԸՀ-ներում առաքելություն իրականացնող դիտորդներին հանձնաժողովների անդամները հայտնում էին, որ որևէ այլ գործառույթ դիմում-բողոքներն ընդունելուց հետո չունեն, իսկ դրանք ուղարկել են ԿԸՀ և սպասում են որոշումների:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, ոչ միայն որոշումների շաբլոններ է տրամադրել տարածքային ընտրական հանձնաժողովներին, այլև նրանց հանձնարարել է՝ համակարգել է նիստերի ժամերի նշանակման հարցը ։ Ապրիլի 7-ին՝ ժամը 12-ին, օրինակ, միաժամանակ նիստեր են նշանակվել 10, 12, 15, 16, 19, 23, 24, 29, 33  ՏԸՀ-ներում։  Երկու ՏԸՀ-ների նախագահներ  հաստատել են, որ նիստերը բոլոր տարածքային հանձնաժողովներում նույն օրը նույն ժամին նշանակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թելադրանքով:

Այս ամենն իրականացվել է մի քանի պատճառով՝ նախ, որպեսզի հնարավոր չլինի միաժամանակ մասնակցել բոլոր նիստերին, երկրորդ՝ հնարավոր չլինի մինչև ընտրությունների ամփոփումը բողոքարկել ՏԸՀ որոշումները:                                                    Ընտրական իրավունքի պաշտպանության հետ կապված մեկ այլ էական հարց է դատարան ներկայացված հայցադիմումներով պետական տուրքի հարցը, որը տարբեր դատավորների կողմից կամայականորեն հաշվարկվելու արդյունքում որոշ հայցադիմումներով գերազանցում է 100.000 ՀՀ դրամը, ինչն ուղղակի սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը ընտրությունների հետ կապված վեճերով: Այս հարցի կապակցությամբ մի քանի ռազմավարական գործ ևս ընթացքի մեջ է, որոնցով զարգացումները ևս կլուսաբանվեն:

***

Դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և Թբիլիսիում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: 


Comments To "Տարածքային ընտրական հանձնաժողովներն անկախ չեն գործել" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: