Գասպարիի գործը կվերսկսվի նոր հանգամանքի հիմքով

Գասպարիի գործը կվերսկսվի նոր հանգամանքի հիմքով

Դեռևս 2016թ․ մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը աղմկահարույց դատական գործընթացից հետո կայացրել էր դատավճիռ՝ Վարտգեզ Գասպարիին մեղավոր  ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերովև նշանակելով 450 հազար դրամի չափովտուգանք։ 2016 թ․ մայիսի 4-ին Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը, սակայն, դատարանը թողել է առանց քննության՝ համարելով, որ բողոքը ներկայացվել է ժամկետանց, իսկ վճռաբեկ դատարանն այս բողոքի դեմ ներկայացված բողոքը վարույթ չի ընդունել։

Գասպարիի պաշտպանները դիմել են սահմանադրական դատարան՝ պահանջելով Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին կետը՝ այնքանով, որքանով դատական ակտը հրապարակման օրը դիմողին չտրամադրելը և դրա բողոքարկման ժամկետը հրապարակման օրվանից հաշվարկելը հնարավորություն են տալիս այդ դրույթները մեկնաբանել այնպես, որ նվազեցվի դատական ակտի բողոքարկման ժամկետը։ Ըստ պաշտպանների այս հոդվածն իրավական անորոշություն է պարունակում, քանի որ դրան հակասական մեկնաբանություն է տրվում․ մի դեպքում բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկվում է բողոքը ստանալու պահից, մյուս դեպքում՝ հրապարակման պահից։

Սահմանադրական դատարանը 2017թ․ դեկտեմբերի 8-ին կայացրած որոշմամբ  իրավական որոշակիություն է հաղորդել այս խնդրին՝ սահմանելով, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը դատարանի մեղքով օրենքով սահմանված ժամկետում չի հանձնվել իրավասու սուբյեկտին, բողոքարկելու ժամկետը պետք է հաշվել ստացման պահից ամբողջությամբ՝ 1 ամիս, և այս դեպքում բաց թողնված ժամկետը համարել հարգելի՝ առանց միջնորդություն ներկայացնելու պահանջի(Գասպարիի գործով Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դիմումատուն ստացել էր հրապարակումից վեց օր անց):  Դատարանը նաև սահմանել է, որ բոլոր դեպքերում օրենսդիրը դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի բարելավման տեսանկյունից պետք է երաշխավորի բողոքարկողի համար դատական ակտի բողոքարկման ժամկետն ամբողջությամբ՝ այդ ժամկետից չհանելով դատական ակտի պատճենը կողմին ցանկացած եղանակով հասցնելու ժամկետը։

Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ դիմողի վերաքննիչ բողոքի ընդունելիության մասին կայացրած որոշումը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման, քանի որ վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի առաջին կետը կիրառվել են այս որոշման մեջ առկա սահմանդրաիրավական բովանդակությունից այլ մեկնաբանությամբ։ 


Comments To "Գասպարիի գործը կվերսկսվի նոր հանգամանքի հիմքով" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: