ՓՊ խորհուրդը մեղավոր ճանաչեց Տիգրան Եգորյանին․

ՓՊ խորհուրդը մեղավոր ճանաչեց Տիգրան Եգորյանինովքեր են որոշում կայացնողները.

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2․5 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց մեղավոր ճանաչել փաստաբան Տիգրան Եգորյանին՝ փաստաբանի վարքագծի  կանոնագրքի 2․6․1 և  2․2․7  ենթակետերի պահանջների խախտման համար։ Խորհուրդը որոշեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ 6 ամսվա ընթացքում ակադեմիական 8 ժամ իր հաշվին լրացուցիչ վերապատրաստման դասընթացների մասնակցություն՝ քրեական դատավարության թեմայով։ Նիստը նախագահող Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ ինքն այս գործով հատուկ կարծիք ունի։ Ուշագրավ է այն, որ խորհրդի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակ միջանցքում լսելի էին վերջիններիս բարձր ձայները, և որոնցից ակնհայտ էր, որ հիմնական կոնֆլիկտը Կարեն Մեժլումյանի և Նելլի Հարությունյանի միջև է։ Հիշեցնենք, որ Նելլի Հարությունյանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տեղակալն է․ վերջինս հոկտեմբերի 5-ի նիստի ընթացքում Տիգրան Եգորյանին տալիս էր հարցեր, որոնցից պարզ դարձավ, որ վերջինս դիրքորոշում ունի այն հարցի վերաբերյալ, որ Տիգրան Եգորյանը Ա. Սարգսյանի «Բեխտերևի» հիվանդության մասին փաստաթուղթը չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Այս դիրքորոշման արտահայտումից հետո Տիգրան Եգորյանը բացարկ հայտնեց Նելլի Հարությունյանին կանխակալության և ձեռնհասության հիմքով` պնդելով, որ վերջինս պատկերացում չունի քրեադատավարական ընթացակարգերից, քանի որ համապատասխան փորձ չունի: Եգորյանը նաև նշեց, որ եթե այդուհանդերձ, Նելլի Հարությունյանը պնդի, որ ունի բավարար մասնագիտական գիտելիքներ և փորձ, ապա միակ ենթադրությունը, որ կարելի է անել այն է, որ նա խորհրդում է հատուկ եղանակով քվեարկելու նպատակով։ Խորհրդակցական սենյակից լսվող ձայներից պարզ էր, որ նա համառորեն առաջ է տանում հենց այդ նպատակը։

Վերջին նիստը՝ դռնփակ և առանց ամփոփիչ ճառի հնարավորության

Այս գործով ամեն հաջորդ նիստի ընթացքում առավել ցայտուն էր դրսևորվում խորհրդի կամայական գործելաոճը, որն իր կուլմինացիային հասավ 16.10.2017թ. նիստին, ինչը դրսևորվում էր հիմնականում Տիգրան Եգորյանին իր գործի ընթացքի, դրա վերաբերյալ կայացվող որոշումների և այլ հարցերի վերաբերյալ հայտարարություններ, առարկություններ, միջնորդություններ ներկայացնելու իրավունքների խախտումներով կամ դրանց համար այնպիսի անողջամիտ ժամանակ սահմանելով, որը հավազարազոր էր այդ իրավունքի սահմանափակման։ Այս նիստի ընթացքում, սակայն, խորհուրդը գերազանցեց հայաստանյան դատական պրակտիկայում տեղ գտնող և փաստաբանների խողմից քննադատվող ամենաարատավոր դրսևորումները՝ նիստը  դռնփակ անցկացնելու որոշում կայացնելով՝ իբր թե նախաքննական գաղտնիք պարունակող ապացույցների հետազոտման համար, (ապացույցներն, ի դեպ, ըստ էության բովանդակային առումով չեն հետազոտվել․ խորհուրդը միայն հրապարակել է դրանց վերնագրերը)։ Սա ոչ այլ ինչ էր քան տեղում հորինված պատճառաբանություն, քանի որ անգամ ապացույցների  հետազոտումից հետո խորհուրդը չբավարարեց Տիգրան Եգորյանի՝ նիստը դռնբաց շարունակելումիջնորդությունը՝ սահմանափակելով դրա հրապարակայնությունը և առաջացնելով իրավունքի նոր խախտում։ Խորհրդի անդամներից մեկին՝ Սեդրակ Ասատրյանին, անհասկանալի էր, թե նիստը դռնփակ անցկացնելու պարագայում Տիգրան Եգորյանի որ իրավունքն է խախտվում: Ինչ խոսք, կարելի է դառնալ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ապա դժգոհել այդ նիստերի տևողությունից, առանց զգուշացնելու հեռանալ՝ ասելով, որ իր երեխան չպիտի տուժի սրա պատճառով, և գաղափար չունենալ այնպիսի հիմնարար իրավունքի մասին, ինչպիսին է անձի իր գործի հրապարակային քննության իրավունքը։ Կարելի է նաև  շարունակաբա չներկայանալ նիստերին այնուհետև գալ՝ կոնկրետ որոշում կայացնելու համար քվե ապահովելու, կամ էլ գաղափար չունենալ քրեադատավարական օրենսդրության մասին, բայց ամեն ինչ անել՝ փաստաբանին մեղավոր ճանաչելու համար։ Կարելի է նաև  Մելանյա Առուստամյանի պես չընդունել սեփական կողմնակալությունը, հայտնվել վերջին երկու նիստին և ինքն իրեն մեծ հպարտությամբ կոչել դատարան՝ մոռանալով, սակայն, որ դատարանն առանց նիստերին մասնակցելու որոշում չի կայացնում։ Նախկինում, սակայն, երբ փաստաբաններ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի և Դավիթ Գյուրջյանի դեմ հարուցված կարգապահական գործի քննության ընթացքում Մելանյա Առուստամյանին ներկայացվել էր բացարկի միջնորդություն, մի դեպքում այն բավարարել էր խորհուրդը, մյուս դեպքում, թեպետ խորհուրդը չէր բավարարել միջնորդությունը, Մելանյա Առուստամյանն ինքն էր որոշել չմասնակցել գործի քննությանը հաշվի առնելով իր անկողմնակալության վերաբերյալ կասկածները։ Առուստամյանը հեռացել էր նիստից և դրանից հետո այլևս չէր մասնակցել այս փաստաբաններին առնչվող որևէ կարգապահական գործի քննության։  Անդրադառնալով նիստին սեփական քմահաճույքով մասնակցելու հարցին և ապա կամայական որոշում կայացնելու հարցին՝ փաստաբան Տիգրան Եգորյանը սա որակեց արատավոր պրակտիկա և խորհրդի անդամի ստանձնած պարտավորությունների առումով թերացում: Բնականաբար, մերժվեցին թե՛ Մելանյա Առուստամյանին, թե՛ Սեդրակ Ասատրյանին բացարկ հայտնելու միջնորդությունները, հնարավորություն չընձեռնվեց Մելանյա Առուստամյանի պես վերջին երկու նիստերին ներկայացած Կարապետ Աղաջանյանին բացարկ ներկայացնելու (վերջինիս Տ․ Եգորյանը հուլիսի 11-ին բացարկ էր ներկայացրել, խորհուրդը մերժել էր այն, սակայն Աղաջանյանն ասել էր, որ եթե ցանկություն չկա, ինքն անկախ խորհրդի որոշումից կարող է չներկայանալ նիստերին և այդպես էլ վարվել էր) և Կարեն Մեժլումյանին բացարկ ներկայացնելու համար, իսկ Տիգրան Եգորյանին ճառի հնարավորությունից ըստ էության զրկեցին՝ սահմանելով 15 րոպե նախապատրաստվելու համար, ինչը  Եգորյանը համարելով ոչ բավարար և ոչ ողջամիտ ժամանակ՝ միջնորդեց նիստը հետաձգել։ Խորհուրդը, սակայն, նախընտրեց չլսել Եգորյանին և որոշում կայացնել` ամիսներ շարունակ այս գործով նիստեր չնշանակելու արդյունքում  ժամանակային սահմանափակմանխնդիրը լուծվեց Տ Եգորյանի` իր գործով պաշտպանություն կազմակերպելու և իրականացնելու իրավունքի հաշվին,  թեև հարկ է նշել, որ կարգապահական գործի քննության համար սահմանված վեցամսյա ժամկետն ավարտվում էր հոկտեմբերի 20-ին: Իսկ օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում նիստեր խորհուրդն ամենայն հավանականությամբ չէր նշանակում, որպեսզի այս բավական աղմկոտ գործընթացը որևէ կերպ չստվերի պալատի նախագահի ՝ ս.թ. սեպտեմբերի 9-ին նշանակված ընտրությունները: Մերժվեցին նաև վկա հրավիրելու մասին բոլոր միջնորդությունները:

Ըստ էության խորհրդի հիշյալ գործողություններն ու որոշումները խոսում են նաև այն մասին, որ այս գործով որոշում կայացրած խորհրդի կազմի որևէ անդամ ուղղակի բարոյական իրավունք չունի դժգոհելու կամ քննադատելու մարդու իրավունքները խախտող որևէ պետական մարմնի գործողություններից, քանի որ իրենց ընկալումն ու գործելաոճը նույն մակարդակի վրա է: Բացի դրանից՝ այս ամենը նաև խոսուն ապացույց է նրանց՝ նաև որպես փաստաբանների մատուցվող ծառայությունների որակի, քանի որ դժվար է պատկերացնել  որակյալ և պատշաճ ծառայություն այն փաստաբանից, որը հանդուրժում և ինքնուրույն է խախտում այլոց իրավունքները:

Սա, իհարկե, փաստաբանների պալատի խորհրդի և դրա կայացրած որոշումների   հեղինակության ոչնչացում է:

Հիշեցնենք, որ կարգապահական գործը հարուցվել էր «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս դրա հոգաբարձուների խորհրդի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա։ Վերջիններս պնդում էին, որ փաստաբանը պատշաճ ծառայություններ չի մատուցել իր վստահորդ Արթուր Սարգսյանին, մասնավորապես՝ նախաքննական մարմնին տեղյակ չի պահել վերջինիս «Բեխտերևի» հիվանդության մասին։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն  ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր և իր փաստաբանի հարաբերություններին և իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։


Comments To "ՓՊ խորհուրդը մեղավոր ճանաչեց Տիգրան Եգորյանին․" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: