Նիստն անցավ կանոնակարգի կամայական կիրառմամբ

Տիգրան Եգորյանի կարգապահական նիստն անցավ  խորհրդի կանոնակարգի կամայական կիրառմամբ

08.10.2017

Շուրջ երկամսյա դադարից հետո հոկտեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատում վերսկսվեց փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս վերջինիս հոգաբարձուների խորհրդի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ դիմումատուն մեղադրում է փաստաբանին իր պաշտպանյալ Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող», իբր ոչ պատշաճ իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար։ Չնայած նրան, որ խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև հոկտեմբերի 20-ը, այս նիստի ընթացքում ըստ էության գործի քննությունն առաջ չշարժվեց։

Միջնորդություններն այդպես էլ չքննարկվեցին

Տիգրան Եգորյանը միջնորդեց խորհրդին որպես վկա հրավիրել փաստաբաններ Մարտուն Փանոսյանին, Հարություն Հարությունյանին և Հրանտ Անանյանին՝ հենվելով Անի Կաղինյանի՝ խորհրդին ներկայացրած բացատրության վրա, որը նաև հրապարակվել էր։ Եգորյանին նաև հետաքրքիր էր, թե երբ են քննարկվելու Անի Կաղինյանին, Նատալյա Վիադեռնիին, Բայանդուր Պողոսյանին և Վահե Գրիգորյանին վկա հրավիրելու միջնորդությունները։ Նիստի ընթացքում խորհրդի անդամներն այդպես էլ չհասցրին գնալ խորհրդակցական սենյակ և որոշում կայացնել միջնորդությունների վերաբերյալ։

 Խորհրդի անդամ Հարություն Հարությունյանն ընդունեց ինքնաբացարկի առաջարկությունը

Տիգրան Եգորյանը միջնորդեց Հարություն Հարությունյանին, որպեսզի վերջինս ինքնաբացարկ հայտնի․ «Բնավ Ձեր անձի նկատմամբ որևէ տրամադրվածություն չունենալով՝ մենք կարծում ենք, որ Դուք այս խորհրդի կազմում հանդես գալով՝ չեք բավարարում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված  անաչառության և անկոմնակալության չափանիշները։ Եվ մենք այս խնդրանքը Ձեզ ներկայացնելով՝ նպատակ ենք հետապնդում խորհրդի որոշման հեղինակությունը բարձր պահել օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից»։ Բանն այն է, որ ըստ Անի Կաղինյանի՝ Արուսյակ Հայրապետյանի պատմելով՝ հիմնադրամին օգնող փաստաբանների համակարգող է նշանակվել Հարություն Հարությունյանը, որին թեպետ ինքն անձամբ չի տեսել հիմնադրամում, սակայն նրա հետ կապը պահել են Թեհմինե Ենոքյանը և Հայկ Կոստանդյանը։ Թեպետ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանն ասաց, որ որևէ կապ չի ունեցել այս հիմնադրամի հետ, սակայն նա հանդես եկավ ինքնաբացարկով՝ խորհրդի հեղինակությունը օբյեկտիվ դիտորդի աչքում բարձր պահելու նպատակով․ միաժամանակ նա փորձեց կասկածի տակ դնել լսարանի օբյեկտիվությունը։ Երբ այս մասինփաստաբան Տիգրան Եգորյանը փորձեց օբյեկտիվ դիտորդի թեսթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ, նիստը վարող Կարեն Մեժլումյանը ժամանակ խնայելու պատճառաբանությամբ ցանկացավ սահմանափակել վերջինիս՝ հայտարարությամբ հանդես գալու իրավունքը, սակայն արդյունքում հայտարարությամբ հանդես գալ-չգալու քննարկման վրա ավելի շատ ժամանակ ծախսվեց։ Ուշագրավ է այն, որ երբ Կարեն Մեժլումյանը հարցը դրեց քվեարկության, միայն փաստաբան Սիմոն Բաբայանը չառարկեց իր առաջարկին, այնինչ նիստը վարողը դա փորձեց համարել խորհրդի որոշում՝ մինչ այն պահը, երբ Եգորյանը նկատեց, որ խորհրդի մյուս անդամները կարծիք չեն հայտնել։

Արդյո՞ք Նելլի Հարությունյանը համապատասխանում է անաչառության և անկողմնակալության չափանիշներին.

Խորհրդի անդամ Նելլի Հարությունյանը մի շարք հարցեր տվեց Տիգրան Եգորյանին՝ Արթուր Սարգսյանի հիվանդության և դրա վերաբերյալ կատարված գործողությունների մասին։ Տիգրան Եգորյանը հիմնականում չպատասխանեց հարցերին՝ նկատելով, որ այդ հարցերի պատասխաններն առկա են գործի նյութերում, բացի դրանից` ամռանը տեղի ունեցած նիստերի ընթացքում դրանց բավական մանրամասն անդրադարձ է կատարվել, և դրանից ավելի տեղեկություն չի պատրաստվում հայտնել։ Խորհրդի անդամ Նելլի Հարությունյանը նշեց՝ գործի նյութերից բխում է, որ Եգորյանը դատարանից բացի այլ մարմնի Արթուր Սարգսյանի առողջության վերաբերյալ նյութեր չի ներկայացրել։ Փաստաբանի ճշտող հարցին, թե արդյոք դա Ձեր դիրքորոշումն է, Նելլի Հարությունյանը փորձում էր պարզաբանել, որ դա բխում է, երևում է կարգապահական գործի նյութերից ։ Ծավալված հարցուպատասխանին միջամտեց խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը, ում մոտ ևս տպավորություն էր ստեղծվել, որ դա Նելլի Հարությունյանի դիրքորոշումն է, և հույս հայտնեց, որ միգուցե Նելլի Հարությունյանի դիրքորոշումը խորհրդակցական սենյակում փոխվի։

Տիգրան Եգորյանը Հարությունյանի օբյեկտիվության հարցը որոշելու նպատակով խնդրեց պատասխանել՝ որտեղից է բխում, որ Արթուր Սարգսյանի պաշտպանները վերջինիս՝ «Բեխտերևի» հիվանդությամբ տառապելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ Նելլի Հարությունյանն այդպես էլ հարցին կոնկրետ պատասխան չտվեց։ Եգորյանը հարցրեց Նելլի Հարությունյանին, թե վերջինս քրեական դատավարության և քրեկան իրավունքի ոլորտում ինչ փորձ ունի առհասարակ, ինչին Հարությունյանը ևս չպատասխանեց։  Եգորյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ նա չունի նման փորձ, սակայն իրավական գնահատական է տալիս կալանքի գործի ընթացակարգային հարցերի վերաբերյալ՝ հիմնվելով գործի նյութերի վրա, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավական դիրքորոշում, որը պետք է արտահայտվեր խորհրդակցական սենյակում: Տ.Եգորյանը հայտարարեց, որ ունի բացարկի միջնորդություն Ն.Հարությունյանի վերաբերյալ, որը հիմնված է քրեական ոլորտում վերջինիս փորձի բացակայության վրա, ինչը պատճառ է գործի նյութերում որոշակի փաստերի բացակայության վերաբերյալ գնահատականի ձևավորման համար՝ հավելելով, որ  կարծում է, որ Ն.Հարությունյանը չի կարող այս գործի քննությանը մասնակցել և որոշում կայացնել, քանի որ  ունի դիրքորոշում, և այդ  գնահատականը սխալ է, ըստ երևույթին՝ պայմանավորված քրեադատավարական ընթացակարգերը լավ չպատկերացնելով։  Նելլի Հարությունյանը խնդրեց գնահատողական դատողություններ չանել, ինչից հետո հղում կատարելով նիստի ընթացակարգին՝ նիստը վարող Կարեն Մեժլումյանն առաջարկեց գրավոր ներկայացնել բացարկը՝ չնայած նրան, որ մինչ այդ համաձայնել էին ունկնդրել բացարկի հիմքերը։  Անհասկանալի մնաց նաև խորհրդի խտրական վերաբերմունքը  պարոն Հարություն Հարությունյանի նկատմամբ, քանի որ նրա դեպքում խորհուրդը համբերատար ունկնդրեց նրա նկատմամբ բացարկի հիմքերի վերաբերյալ հայտարարությունը: Այդ կապակցությամբ Մեժլումյանին դիմեց Տիգրան Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը։ Պարզվեց, որ ուղղակի փորձում էին ընդառաջել, այնինչ ըստ Հակոբյանի՝ հստակ կանոններ չկան։

Ի վերջո որոշվեց ժամանակ տալ Տիգրան Եգորյանին միջնորդությունը տպելու և գրավոր ներկայացնելու համար․ հենց այդ ժամանակահատվածում էլ խորհրդի անդամներից մեկը հեռացավ, և քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ին։

  


Comments To "Նիստն անցավ կանոնակարգի կամայական կիրառմամբ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: