Արտահայտվելու ազատության իրավունքի վիճակը

ԵԱՀԿ Մարդկային չափման բաղադրիչի

խորհրդաժողով

11-12 սեպտեմբեր

25/09/2017

 

Մասնակից կազմակերպություն՝«Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ

Ուղղված՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ին

Հայաստան, ք․ Երևան, Բուզանդի 101, բն․4

Ներկայացուցիչ՝ պրն. Տիգրան Եգորյան

 

 

Աշխատաժողով 1

Հիմնարար ազատություններ 1

Արտահայտվելու ազատության իրավունքի վիճակը Հայաստանում

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները վերջերս խոր մտահոգություն են արտահայտել իշխանությունների՝ հայտնի փաստաբանների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերի վերաբերյալ, ինչն արվում է նրանց խոսքի ազատության  իրավունքի վրա «սառեցնող ազդեցություն» ունենալու նպատակով։

 

Սա դրսևորվում է անընդունելի պրակտիկայով, երբ մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, դիմում են ՀՀ փաստաբանների պալատ՝ պահանջելով կարգապահական վարույթներ հարուցել  հանրային հնչեղություն ունեցող գործերում ներգրավված փաստաբանների նկատմամբ՝  դատական նիստերի դահլիճում, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով հնչեցրած հայտարարությունների համար։ Մյուս կողմից՝ փաստաբանների պալատը պատրաստակամությամբ վարույթներ է հարուցում և պատասխանատվության ենթարկում «անհնազանդ» փաստաբաններին։

 

2015-2016 թթ․ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր քաղաքացիական ակտիվիստ պարոն Վարտգեզ Գասպարիի դատավարությունը՝ դատարանի նկատմամբ ենթադրյալ անհարգալից վերաբերմունքի համար։ Հաշվի առնելով նախագահող դատավորի տարօրինակ և անկառավարելի վարքը՝ նրա պաշտպաններից մեկը դիմեց նույն դատավորին՝ միջնորդելով  դատաբժշկական փորձաքննություն նշանակել իր իսկ նկատմամբ՝ գնահատելու վերջինիս հոգեկան առողջությունը։Սրան հաջորդեց այն, որ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցներից մեկը, որն ըստ իր խոսքի՝ դիտել էր նիստը youtube-ով, դիմեց փաստաբանների պալատ՝ վարույթ հարուցելու Գասպարիի պաշտպանի դեմ՝ չնայած նրան, որ նախագահող դատավորը որևէ խնդիր չուներ նշված միջնորդության հետ և դրա հետ կապված որևէ գործողություն չէր կատարել։ Պալատի նախագահը պատրաստակամությամբ վարույթ հարուցեց, և խորհուրդը շատ արագ պատասխանատվության ենթարկեց փաստաբանին՝մասնագիտական վարքագծի կանոնները խախտելու համար։

 

Միևնույն աշխատակիցը պարոն Գասպարիի երկրորդ պաշտպանի դեմ ներկայացրել էր մեկ այլ դիմում՝ լրատվամիջոցով կատարված հայտարարության համար, և այս անգամ ևս պալատի նախագահը պատրաստակամությամբ հարուցեց կարգապահական վարույթ,իսկ խորհուրդը  նույն կերպ պատասխանատվության ենթարկեց փաստաբանին՝ մասնագիտական վարքագծի կանոնները խախտելու համար։

 

Վերջերս հանրային հնչեղություն ունեցող «Սասնա ծռեր» խմբի գործի շրջանակներում պետական պաշտոնյաները կրկին ցանկանում են օգտագործել ՀՀ փաստաբանների պալատը որպես գործիք՝ լռեցնելու այն փաստաբաններին, որոնց հայտարարությունները կարող են ազդել հանրային կարծիքի վրա։

 

Այս համատեքստում կարևոր է նշել, որ ՀՀ ոստիկանության պետը դիմել է փաստաբանների պալատի նախագահին՝պահանջելով կարգապահական վարույթ հարուցել այս գործով պաշտպաններից մեկի նկատմամբ՝ ոստիկանությանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում «զինված հրոսակախումբ» անվանելու համար այն բանից հետո, երբ ոստիկանության մի շարք ծառայողներ 2017 թ․ հունիսի 28-ին դատարանի շենքում ծեծել են  գործով մեղադրյալներին, այդ թվում՝ իր պաշտպանյալին։ Փաստաբանների պալատի նախագահը, որը նախկինում քաղաքացիական գործերով ներկայացրել է ոստիկանության նույն պետին, պատրաստակամությամբ կարգապահական վարույթ է հարուցել համապատասխան պաշտպանի դեմ։

 

 

Մեկ այլ դիմում էլ ներկայացվել է փաստաբանների պալատի նախագահին ՀՀ գլխավոր դատախազության  վարչության պետի կողմից՝ փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության համար, որում նա կառավարությանը կոչել է «ռեժիմ»։

 

 

 

Առաջարկություն

 

Իշխանությունները պետք է հաշվի առնեն հանդուրժողականության և լայնախոհության հրամայականները,  որոնք ժողովրդավարական հասարակության անկյունաքարերն են, և զերծ մնան փաստաբաններին սանկցիաների ենթարկելու փորձերից՝ իրենց պաշտպանյալների շահերն իրենց խոսքի ազատության իրավունքը կիրառելու միջոցով պաշտպանելու համար։ Սա հատկապես անընդունելի է մի հասարակությունում, որտեղ պետական հաստատությունները և պաշտոնյաները լրատվամիջոցներով լուսաբանվելու անսահմանափակ և հեռարձակվող զլմ-ներով լուսաբանվելու համարյա մենաշնորհային հնարավորություններ ունեն և կարող են պատասխանել վերոնշյալ փաստաբանների հայտարարություններին պակաս սահմանափակող միջոցներով, օրինակ՝ զլմ-ներով պատասխան հայտարարություններով հանդես գալով։

***

Տիգրան Եգորյանի մասնակցությունը խորհրդաժողովին ֆինանսավորել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը( European Endowment for Democracy- EED ), համաֆինանսավորել՝ Իրավունքի Եվրոպա միավորում հկ-ն։
 

Comments To "Արտահայտվելու ազատության իրավունքի վիճակը " - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: