Փորձ է արվում ճնշել անկախ փաստաբանությունը

Փորձ է արվում ճնշել անկախ փաստաբանությունըփաստաբանները կշարունակեն պայքարը

 

Հարյուրից ավելի փաստաբաններ սեպտեմբերի 13-ին հայտարարել են գործադուլ՝ դատական կարգադրիչների կողմից փաստաբանների խուզարկելու ապօրինի գործողությունների դեմ։ Այսօր գործադուլ հայտարարած փաստաբաններն իրենց համայնքի առաջ բարձրացված խնդիրները քննարկում էին «Կոնգրես» հյուրանոցում։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հարց բարձրացրեց՝ արդյոք կար անհրաժեշտություն դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննելու, կա՞ր նախադեպ, երբ փաստաբանը արգելված իր էր ներս տարել կամ փորձել էր օժանդակել նախապատրաստվող հանցագործությանը։ Ըստ փաստաբանի՝ նման դպեքեր չեն եղել․ կիրառվող մեթոդները հիմնավոր չեն և կամայական մոտեցման արդյունք են։

Տեղի ունեցողը փաստաբանների նկատմամբ հետապնդում որակեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը․«Փաստաբանների նկատմամբ տեղի են ունենում հետապնդումներ․ սրանք պարզապես ճնշումներ չեն, սրանք հետապնդումներ են և աննախադեպ, քանի որ երբևէ նման բան տեղի չի ունեցել։ Փաստաբանների պալատի նախագահը և խորհուրդը վերածվել են այդ հետապնդումների գործիքի»։

Փաստաբանները պետք է դիտարկվեն որպես արդարադատության մաս՝ կարծում են փաստաբանները։ Փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝վաղուց անցել են ժամանակները, երբ փաստաբանությունը արդարադատության հինգերորդ անիվն է․« Չկա արդարադատություն առանց փաստաբանների։Ցանկացած դատավարություն, որտեղ չի մասնկացնում փաստաբան, արդեն իսկ թերի է։ Եթե այս երկրում իրոք թույլատրված է փաստաբանական գործունեությունը, ապա այն պետք է հարգվի»։ Համաձայնելով Աթանեսյանի մոտեցմանը՝  փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ փաստաբանների, նախագահող դատավորի և դատախազի նկատմամբ պետք է դրական խտրականություն դրսևորվի, և նրանք չպետք է ենթարկվեն զննության․ «Դատավորի նկատմամբ արդեն կիրառվում է այս դրական խտրականությունը։ Ինչու՞ մյուս երկուսը ևս չեն ենթարկվում դրան․ չէ՞ որ նրանք արդարադատության մաս են»։

Անդրադառնալով զննության հարցին՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ զննության ընթացակարգ սահմանված չէ․ այն պետք է սահմանված լիներ օրենքով․ «Այն պետք է տեղի ունենա սկաներ սարքով, քանի որ ցանկացած այլ տիպի զննում խուզարկություն է։Չնայած պարոն Զոհրաբյանը փորձեց համոզել,որ դրան հարկադրանք չի հաջորդում հրաժարվելուց հետո, սակայն սա անհիմն հայտարարություն է, քանի որ դրան հենց հարկադրանք է հաջորդում՝ մեզ արգելում են մտնել նիստերի դահլիճ։ Հենց դրանով էլ դա դառնում է խուզարկություն»։

Ըստ փաստաբան Լուսինե Հակոբյանի՝  իշխանություն և Սասնա ծռերով փաստաբաններ հակասությունը շատ ավելի լայն կոնտեքստ է ենթադրում, քան զննության հարցն է, և փորձ է արվում փաստաբանների պալատի միջոցով լռեցնել փաստաբաններին։ Դրա վառ վկայությունն են նաև կարգապահական վարույթները, որոնք հարուցված են մի շարք փաստաբաների դեմ, օրինակ՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթները․ «Սրանք լայն գործողություններ են ՝ ուղղված փաստաբանների խմբի ճնշելու դեմ, որոնց հեռահար հետևաքները այսօր մի խումբ անձանց, այդ թվում՝ պալատի նախագահի համար գուցե տեսանելի չեն, բայց զգացնել կտան»։

Հակոբյանը, որը ներկայացնում էր նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն, նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ անկախ փաստաբանության դեմ պալատի ձեռնարկած գործողությունները հնարավորինս մեծ ռեզոնանս ստանան։


Comments To "Փորձ է արվում ճնշել անկախ փաստաբանությունը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: