Դիտորդին հարվածած հանձնաժողովի նախագահը՝ տուժող

ՀՀ դատարաններում դեռևս շարունակվում են քննվել 2015 թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին վերաբերող որոշ գործեր։ Դրանցից մեկով մեղադրյալ է 4/01 տեղամասում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին, որը մեղադրվում է տեղամասի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար, ինչը դրսևորվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանին հարվածելով: Ըստ Դեխնավիի, սակայն, Արմեն Ազոյանն է իրեն հարվածել։ Այս մասին դատարանում օգոստոսի 31-ի նիստի ընթացքում պատմեց նաև որպես վկա հրավիրված Ռոմիկ Դանիալը, որը նույն տեղամասում ևս դիտորդ է եղել։ Ըստ վերջինիս՝ տեղամասում աշխատանքները սկսելու առաջին պահից իսկ հանձնաժողովի նախագահը նախատրամադրված էր դիտորդների դեմ, իրենց դիմել է՝ «էս դուք ովքեր եք» արտահայտությամբ, ասել, որ եկել են նիստը խանգարելու և այլն։ Չնայած այս ամենին, իրենք միշտ եղել են շատ հանգիստ և սադրանքներին չեն պատասխանել։ Ռոմիկ Դանիալը պատմեց, որ հանձնաժողովի նախագահ Ազոյանը հարվածել է Հակոբ Նազարի-Դեխնավիի դեմքին, ինչից հետո մարդիկ նրանց հետ են քաշել, և Դեխնավին ու Ազոյանը իրարից եղել են բավական մեծ հեռավորության վրա։ Դատախազի հարցին՝ նկատե՞լ է արդյոք հարվածի հետք Ազոյանի դեմքին, Ռոմիկ Դանիալը պատասխանեց․ «Ես որևէ նման բան չեմ նկատել և չէր էլ կարող լինել նման բան, որ ինչ-որ մեկը մոտենա Ազոյանին, ուզենա հարված հասցնի, որովհետև Ազոյանի հարվածից անմիջապես հետո նրանց հեռացրել են իրարից։ Միայն որոշ ժամանակ անց Ազոյանը դուրս է եկել և վերադարձել՝ դեմքին հետք․ «Հիմա չգիտեմ՝ դա դրսում է եղել, գրիմ են արել իրան, ինքն ա իրան հարվածել՝ դա արդեն չգիտեմ, մասնագետներին եմ թողնում», - շարունակել է Դանիալը։

Ի դեպ, Ռոմիկ Դանիալն իր տեսախցիկով ֆիքսել է ամբողջ միջադեպը․նկատելով դա՝ հենց «տուժող» Արմեն Ազոյանն է հրահանգել իր մարդկանց խլել տեսախցիկը։ Դրանից հետո հարվածել են դիտորդին և բռնությամբ խլել տեսախցիկը՝ այն վերադարձնելով միայն ժամեր անց՝ առանց չիպի․ «Իմ կարծիքով՝ եթե բերենք էդ չիպը, ամեն ինչ պարզ կդառնա, սակայն բոլորիս էլ պարզ է, որ դա տեղի չի ունենա», -ասել է Դանիալը։ Վերջինս հիշեց, որ տեսախցիկը խլելու ընթացքում իրեն բռնողներից երկուսը եղել են ՕԵԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ:

 Նիստի ընթացքում որպես վկա հրավիրված Կարեն Մանուկյանն ասաց, որ ինքը շատ բան չի հիշում․ միայն հիշում է, որ տեղամաս է եկել 18:00-ից ոչ շուտ, Ազոյանի թշին քերծվածք է եղել, սակայն չի հիշում՝ ով է ում հրել․ հիշեց նաև, որ Դեխնավին հարձակողական պատմության մեջ էր։ Ի տարբերություն սրա՝ նախաքննական ցուցմունքում Մանուկյանն ասել է, որ Դեխնավին հարվածել էԱզոյանին։ Ըստ Հակոբ Նազարի-Դեխնավիի՝ վկա Կարեն Մանուկյանը Ռոմիկ Դանիալի վրա Ազոյանի հրահանգով հարձակվողներից մեկն է։

Հակոբ Նազարի-Դեխնավիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Ռոմիկ Դանիալի վրա հարձակման դեպքն, ինչպես և քննվող միջադեպը, տեղի են ունեցել ժամը 17:00-ի սահմաններում, և հենց Դանիալի միջադեպին իր առնչությունը բացառելու համար Կարեն Մանուկյանը հաստատակամ սուտ ցուցմունք է տալիս այն մասին, որ տեղամաս եկել է ժամը 18:00-ից ոչ շուտ, ինչն այդ պարագայում պարզապես բացառում է Մանուկյանի ներկայությունը նաև Հակոբ-Դեխնավիի հետ կապված քննվող միջադեպի ժամանակ:

Դատական նիստը հետաձգվեց՝ նոր վկաների հրավիրելու նպատակով, և նշանակվեց հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16։00-ին։


Comments To "Դիտորդին հարվածած հանձնաժողովի նախագահը՝ տուժող" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: