ՍԴ-ն բավարարել է ԻԵՄ-ի դիմումը

Դատավորների թեկնածուներին վերաբերող տեղեկությունը պետք է լինի բացՍԴ-ն բավարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ի դիմումը

2017 թ․ հունիսի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանը «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-իդիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 115․2-րդ հոդվածի 10-րդ մասը, իսկ 117-րդ հոդվածի 5-րդ մասը համարել է համապատասխան Սահմանադրությանը այնպիսի բովանդակությամբ, ըստ որի այն չի արգելում երրորդ անձանց իրավունքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալու ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը։  Ըստ ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի՝ դատավորների թեկնածուների «հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման»:   Նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:

Դեռևս 2015 թ․ հունվարի 27-ին ԻԵՄ-ը դիմել էր ՀՀ արդարադատության խորհուրդ՝ խնդրելով տրամադրել  ՀՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2014 թ․ դեկտեմբերի 10-12-ին և 2015 թ․ հունվարի 26-ին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի անդամների եզրակացությունը և հատուկ կարծիքները։ Դիմողը խնդրել է նաև մանրամասնել, թե ինչ չափանիշներով է գնահատումն իրականացվում այդ փուլում, և տրամադրել մասնակիցների հարցաշարերը, հոգեբանական թեստերն ու արդյունքները, հարցազրույցների գնահատականները՝ ըստ Արդարադատության խորհրդի առանձին անդամների, նաև մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը։ Արդարադատության խորհուրդը մերժել էր հկ-ի հարցումը, ինչից հետո հկ-ն դիմել էր  ՀՀ վարչական դատարան՝ տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցման պահանջով, սակայն դատարանը մերժել էր հկ-ի հայցը։

2015 թ․ փետրվարի 23-ին հկ-ն դիմել էր ՀՀ արդարադատության խորհուրդ՝  խնդրելով տրամադրել  ՀՀ արդարադատության խորհրդի 2015 թ․ հունվարի 26-ին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի ամփոփիչ քննարկման ավարտից հետո կայացված քվեարկության արդյունքները, հատկապես, թե հավակնորդներից յուրաքանչյուրը քանի դեմ և քանի կողմ ձայն է ստացել և խորհրդի հատուկ կարծիքները, եթե առկա են։ ՀԿ-ն նաև խնդրել էր պարզաբանել, թե ՀՀ դատական օրենսգրքուի 115․2-րդ հոդվածում մատնանշված հոգեբանական թեստերն ինչպես են կազմվում, ում կողմից, ինչպես են գնահատվում, ում կողմից, և ինչպես են ընտրվում հոգեբանական թեստը կազմող անձինք, ինչպիսի նյութերի հիման վրա և ինչ հարցերի շուրջ են կազմվում թեստերը։ Այս հարցմամբ պահանջված տեղեկությունը ևս արդարադատության խորհուրդը հրաժարվել է տրամադրելուց, իսկ վերջինիս դեմ ներկայացված հայցը վարչական դատարանը մերժել է։

Երկու դեպքում էլ ԻԵՄ-ը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ, որոնք ևս մերժվել են, իսկ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել վճռաբեկ բողոքները։

Ըստ դիմողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի՝ մերժումը որևէ իրավաչափ նպատակ չունի, և այդ տեղեկությունները չեն կարող դիտարկվել անձնական կյանքի գաղտնիության իրավունքի շրջանակներում, քանի որ վերաբերում են այդ անձանց՝ հանրային իշխանության տիրույթում իրականացվող գործունեությանը և չեն կարող դուրս գալ հանրային հսկողությունից։  Ըստ  դիմողի՝ հոգեբանական թեստի արդյունքները ոչնչացնելու պահանջը չի բխում հանրային վերահսկողության անհրաժեշտությունից, նաև սահմանափակում է ազատ արտահայտվելու, այդ թվում` տեղեկություններ փնտրելու իրավունքները։

Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնելիս հարցը դիտարկել է ոչ միայն  հանրային վերահսկողության՝ կարծիքի արտահայտման, այդ թվում՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքի իրականացման շրջանակներում, համաչափության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքների պահանջը հաշվի առնելով, այլև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում՝ հաշվի առնելով հկ-ների դերը պետության և հասարակության կյանքում։ Առաջնորդվելով վերոնշյալով, ինչպես նաև հաշվետու գործունեությամբ, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությամբ՝ ՍԴ-ն համարել է, որ հավակնորդների ներկայացրած և նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացների արդյունքները պետք է լինեն բաց և թափանցիկ․ «Նման տվյալները պետք է ներառվեն հավակնորդի, հետագայում՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին»։

Անդրադառնալով հոգեբանական թեստի հրապարակման և երրորդ անձանց տրամադրման ոչ ենթակա լինելուն,ինչպես նաև դրա ոչնչացման ենթակա լինելուն՝ ՍԴ-ն համարել է, որ սա ևս պետք է վերաիմաստավորվի, քանի որ չնայած ըստ օրենսգրքի՝ այդ թեստն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունի, սակայն ողջ օրենսգրքի համատեքստում այն ունի գործուն նշանակություն, քանի որ ուղղված է պետաիշխանական պատասխանատվության ստանձնման համար անհրաժեշտ որոշ անհատական հատկանիշների գնահատմանը․ «․․․դրանք առնվազն այն հավակնորդների մասով, ովքեր ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, չտրամադրելը երրորդ անձանց, այդ թվում՝ համապատասխան կանոնադրական նպատակ ունեցող հկ-ներին, իրավաչափ նպատակ չի հետապնդում», - նշված է ՍԴ որոշման մեջ։ ՍԴ-ն կարևոր է համարել նման տեղեկատվության տրամադրումը հանրային վերահսկողության արդյունավետության ապահովման, հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության, քաղաքացիական հասարակության և հկ-ների դերի բարձրացման առումով։

Անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցին՝ ՍԴ-ն համարել է, որ չկա այն երրորդ անձնանց տրամադրելու արգելք թե՛ 117-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանությունից ելնելով, թե՛«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, ուստի և ՀՀ վարչական դատարանը դիմողի գործերով տվյալ օրենքին տվել է այլ մեկնաբանություն՝ համարելով, որ օրենքը նախատեսում է արգելք։

Այս որոշման հիման վրա «Իրավունքի Եվրոպա միավորում»իհկ-ի նկատմամբ կայացած դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով կվերանայվեն։

            ***

Հիշեցնենք, որ ԻԵՄ-ն իրականացնում է «Հանրային վերահսկողություն պետական պաշտոնյաների նկատմամբ» ծրագիրը, որի շրջանակներում դիտարկում էհանրային պաշտոնյաների ընտրության, այդ թվում՝ դատավորների մրցույթները։ Դիտարկված մրցույթների մասին զեկույցները տես այստեղ՝

http://www.ela.am/index.php?route=news/article&news_id=91

http://www.ela.am/index.php?route=news/article&news_id=92

http://www.ela.am/index.php?route=news/article&news_id=93


Comments To "ՍԴ-ն բավարարել է ԻԵՄ-ի դիմումը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: