Դատավոր Արայիկ Մելքումյանը անկողմնակալ չէ

Դատավոր Արայիկ Մելքումյանը հանդես չի գալիս որպես անկողմնակալ դատարան Նարինե Իսմաիլիի գործը քննելու համար

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ԻԵՄ ԻՀԿ) փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը՝ ըստ հայցի Նարինե Իսմաիլիի ընդդեմ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, լրագրող Ռուզան Մինասյանի,  «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ի, լրագրող Սոնա Մաշուրյանի՝ վերջիններիս կողմից Ն. Իսմաիլիի մասնավոր կյանքին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով երեկվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արայիկ Մելքումյանին: Հայցվորի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատավոր Մելքումյանը չի կարող սույն գործով անկողմնակալ դատարան լինել՝ պնդումը հիմնավորելով հետևյալ փաստական հանգամանքներով:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի ժամանակ իրականացված դիտորդական առաքելությանը մասնակցած՝ այս գործով հայցվորի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը (համապատասխանաբար՝ ԻԵՄ ԻՀԿ-ի նախագահն ու անդամ) հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում հանրությանը ներկայացրել էին իրենց դիտորդության արդյունքները՝ մրցույթի առաջին փուլում տեղ գտած խախտումների, այդ թվում`դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից մրցութային փաստաթղթերի փաթեթը սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու մասին: Դրա վերաբերյալ ԻԵՄ-ը տարածել էր նաև առանձին հայտարարություն: Նշված հրապարակումներով ԻԵՄ-ը կոչ էր արել մրցութային փաստաթղթերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից հետո փաթեթները ներկայացրած դատավորներին, այդ թվում`դատավոր Արայիկ Մելքումյանին ինքնաբացարկ հայտնել և հրաժարվել մրցույթի հետագա մասնակցությունից: Ի պատասխան ԻԵՄ-ի այս բացահայտման` դատավոր Մելքումյանը «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում դրանք «սին հայտարարություններ» էր որակել: Բայց ինչպես պարզ դարձավ մրցույթի արդյունքների ամփոփիչ նիստի թիվ 3 արձանագրությունից, այնուհետև Հանձնաժողովի նիստին ներկայանալով, պարզաբանումներ տրամադրելու վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկին ի պատասխան, դատավոր Արայիկ Մելքումյանը 15 րոպե ժամանակ էր խնդրել գրավոր պարզաբանման համար, իսկ տրամադրված ժամանակից հետո դիմում էր ներկայացրել՝ խնդրելով հարցազրույցի արդյունքներն իր մասով չամփոփել և իրեն հանել գրանցման ցուցակից: Ինչպես սույն գործով հայցվորի ներկայացուցիչներն են նկատում, ակնհայտ է, որ ԻԵՄ ՀԿ-ի տարածած տեղեկությունների պատճառով է դատավորն ստիպված եղել հրաժարվել մրցույթի հետագա մասնակցությունից, և ՀԿ-ի վերոհիշյալ հայտարարություններն են եղել նրա այդ որոշման հիմնական շարժառիթը:

Բացի այդ, փաստաբանները վկայակոչեցին նաև անձի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված մեկ այլ գործով դատավոր Մելքումյանի կայացրած վճիռը, որին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբանները, որոնց թվում՝ սույն գործով հայցվորի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, մանրամասն անդրադարձել են ԻԵՄ-ի հրապարակած «Զրպարտություն և վիրավորանք. ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի համապատասխանությունը միջազգային իրավունքով … սահմանված` արտահայտվելու ազատության չափորոշիչներին» 2012թ. հրատարակված վերլուծությամբ: Նշված վերլուծության շրջանակներում ԻԵՄ-ը խիստ քննադատության է ենթարկել դատավոր Մելքումյանի այդ վճիռը, ինչին նա չէր կարող քաջատեղյակ չլինել, քանի որ այդ վերլուծությունը հասու է դարձվել ՀՀ դատարաններին, այդ թվում` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Դատավոր Մելքումյանը, փաստաբանների խոսքով, «սյուրռեալիզմի» ոլորտին պատկանող սահմանումներ է տվել վիրավորանք և զրպարտություն հասկացություններին: Վճռի համապատասխան հատվածները հրապարակվեցին միջնորդության ներկայացման ընթացքում:

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլում դատավոր Մելքումյանը հենց իր այս վճիռն է ներկայացրել որպես իրավունքի ոլորտում իր ունեցած «նշանակալի նվաճում», ինչը զարմանք է առաջացնում մրցույթը դիտարկող իրավաբանների մոտ: «Հաշվի առնելով, որ այդ վճռի կայացումից երեք տարուց ավելի ժամանակ է անցել, և այդ ընթացքում ՄԻԵԴ-ի բազում վճիռներ են հասու դարձել Հայաստանի Հանրապետության իրավական հանրությանը, այդ թվում` Ձեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ դատավորներից մի քանիսը բավական խելամիտ վճիռներ են կայացրել նմանատիպ գործերով` մենք հույս ենք տածել, որ Դուք այս ժամանակահատվածում գիտակցել և վերանայել եք Ձեր կողմից կայացված վճռի՝ «իրավական դիրքորոշումներ» բաժնում տեղ գտած մի շարք իրավական հասկացությունների աբսուրդի հասնող ելակետերը, բովանդակությունը: Սակայն մեծ է եղել մեր զարմանքը, երբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլում Դուք ներկայացրել եք Ձեր այդ վճիռը որպես իրավունքի ոլորտում Ձեր ունեցած նշանակալի նվաճում, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Դուք այդպես էլ չեք տիրապետում այսօրինակ գործերով առկա վեճերին ճիշտ լուծում առաջարկելու համար անհրաժեշտ գիտելիքներին և գործիքակազմին»,-դատավորին դիմեցին փաստաբանները՝ արձանագրելով, որ փաստորեն, առկա է ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ համապատասխան մասնագիտական պատրաստվածության պահանջը բավարարելու անհնարինություն: Ուստի՝ հայցվորի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը միջնորդեցին, որպեսզի դատավոր Արայիկ Մելքումյանը, օգտվելով ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված հնարավորությունից, ինքնաբացարկ հայտնի՝ դադարեցնելով օրենքի այդ պահանջի խախտումը և վերականգնի հանրության վստահությունը Դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող բարձր ատյանի և դատավորի վեհ կոչման նկատմամբ:

«Այս պահին մեկնաբանություններ չունեմ»,-ասաց դատավոր Մելքումյանը և ընդհատեց գործի քննությունը: Ինքնաբացարկի վերաբերյալ իր որոշումը դատավորը կհրապարակի ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ին:

 

 

 


Comments To "Դատավոր Արայիկ Մելքումյանը անկողմնակալ չէ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: