«Ֆեյք» լրագրողը թափանցիկություն է պահանջում

Պարզաբանում «168 ժամ» թերթում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ 

Հունիսի 17-ին «168 ժամ» թերթը ընդարձակ նյութ է հրապարակել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդական առաքելության վերաբերյալ: Թերթին հույժ մտահոգել է, թե ուր են գնում եվրոպացի հարկատուների միջոցներից գոյացած դրամաշնորհները, նաեւ կարեւորել է իրականացրած ծրագրերի արդյունքների մասին հանրային իրազեկումը, մանավանդ՝ ֆինանսական հաշվետվությունը: Մենք նույնպես կարեւորում ենք հանրային իրազեկումը, եւ բնականաբար հանրությանը ներկայացնելու ենք «Քաղաքացի դիտորդ» առաքելության շրջանակում իրականացրած աշխատանքի մանրամասն հաշվետվություն, եւ բնականաբար դա անելու ենք ծարագրի ավարտից հետո: Բայց քանի որ մենք արդեն իսկ հանդես ենք եկել միջանկյալ հաշվետվությամբ, այս անգամ էլ տուրք տալով թերթի անհամբեր հետաքրքրությանը եւ օգտագործելով վերստին հաշվետու լինելու պատեհությունը՝ սիրով կընդառաջենք: Հոդվածի հեղինակը՝ Վարդան Մարկոսյանը ընդարձակ տեքստը ավարտել է իր մասնագիտական պրպտումների արդյունքում հանգած մի շարք հարցադրումներով: Հարցադրումներին մենք իհարկե կպատասխանենք, բայց չենք կարող պարզապես քամահրել հեղինակի սրտառուչ «նախապատրաստական աշխատանքը»: Վարդան Մարկոսյանին մենք չենք ճանաչում, գուցե նա «168 ժամ»-ի լրագրող է, գուցե թերթին թղթակցող, գուցեեւ թերթի օգնությանը դիմած հանրային պահանջատեր սրտացավ քաղաքացի: Ինչպիսի կարգավիճակում էլ որ գտնվելիս լինեն նրա ու թերթի հարաբերությունները, ավաղ, պիտի արձանագրենք, որ հեղինակի մատուցած տեղեկատվությունը կամ թյուր է, կամ պարզապես սուտ:

 

Հոդվածի հեղինակը որպես իր նյութի տեղեկատվության աղբյուր նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակին, «Քաղաքացի դիտորդ» առաքելության մեր գործընկերները՝ Գյումրիի Ասպարեզ ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին, ԹԻՀ/Կ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանին, ԱԺ ընտրություններում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից իբրև դիտորդ ներկայացված Էմմա Կարապետյանին, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի սպասարկման բաժնի ղեկավար Նոյ Զաքարյանին, որոնց հետ հեղինակը վարել է «պաշտոնական նամակագրության և կամ հեռախոսային ու դեմ առ դեմ հարցազրույցներ» անցկացրել, իսկ ահա «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի և փաստաբան, խորհրդատու Տիգրան Եգորյանի հետ հեղինակին կապ հաստատել չի հաջողվել: Փաստորեն, մեր ենթադրյալ լրագրողը իր նյութի առանցքը դարձնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ին, բայց մերօրյա բազմազան կապի միջոցներից բավարարվել է սոսկ անպատասխան հեռախոսազանգով, մինչդեռ իր տեղեկատու մյուս աղբյուրների  հետ, իր ասելով, վարել է պաշտոնական նամակագրություն: Ենթադրյալ լրագրողը վռազե՞լ է իր նախաձեռնած նյութը հրապարակել, խմբագրի հանձնարարությունը գլխառա՞դ է արել... իրենց խնդիրն է: Իսկ մենք լրագրողին «ենթադրում» ենք, որովհետեւ պարզել ենք, որ Վարդան Մարկոսյան անուն ազգանունով «168 ժամ» թերթի որեւէ լրագրող կամ թղթակցող չի փորձել կապ հաստատել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպություններից որևէ մեկի, ինչպես նաև ԵՄ հայաստանյան պատվիրակության աշխատակիցների և «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի սպասարկման բաժնի ղեկավարի հետ:

 

Փոխարենը նյութում մեջբերված անձանց հետ մեկ ամիս առաջ վերոբերյալ հարցադրումներով կապ է հաստատել «Panorama.am» կայքի լրագրող ներկայացած ոմն Դանիել Շահումյան: Այս նույն կայքից զանգահարել են նաեւ մեր կազմակերպություն` թե կազմակերպությունը կպատասխանի՞արդյոք իրենց գրավոր հարցմանը, ինչին դրական պատասխան ենք տվել: Սակայն այդպես էլ որևէ գրավոր հարցում ՀԿ-ն չի ստացել և ոչ մի եղանակով:

 

Եվ այսպես. մի կողմից՝ «168 ժամ» թերթը հրապարակում է Վարդան Մարկոսյան անունով հեղինակի հոդվածը, որը բացահայտ ստում է, թե իր տեղեկությունը ստացել է վերը հիշատակված կազմակերպություններից, մյուս կողմից՝ «Panorama.am» կայքի լրագրող ներկայացած Դանիել Շահումյանի հայթայթած տեղեկատվության հիման վրա հոդվածը հայտնվում է «168 ժամ» թերթում, որը այնուհետեւ մի շարք կայքերի հետ միասին արտատպում է «Panorama.am» կայքը:

 

Հետեւաբար՝ կամ հոդվածի հեղինակ Վարդան Մարկոսյանը մերօրյա եզրով ասած՝ ֆեյք է, իսկ իրականում նյութի հեղինակը Դանիել Շահումյանն է (ենթադրում ենք, որ այս անձն է), որը իր պատրաստած նյութը կեղծանունով տպագրել է այլ լրատվամիջոցում, կամ էլ խնդրո առարկա հոդվածը «Panorama.am» կայքի եւ  «168 ժամ» թերթի համատեղ պրոյեկտ է: Ամեն դեպքում՝ սուտն ակնհայտ է:

 

Հիմա անցնելով բուն նյութին՝ նշենք, որ ԻԵՄ-ը եղել է «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի հիմնական դիմորդը` ԹԻՀԿ-ի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ և ԹԻՀԿ-ի գրավոր լիազորմամբ, իսկ ԹԻՀԿ-ը՝ համադիմորդը: ԵՄ-ի համապատասխան ընթացակարգերի համաձայն` ԵՄ-ի հատկացրած ֆինանսական միջոցների տնօրինումը իրականացվում է հիմնական դիմորդի կողմից:  Նախկինում  համատեղ դիտորդական ծրագրերում ԻԵՄ-ը պատասխանատու է եղել իրավաբանական թիմի, դիտորդների/ԶԼՄ ներկայացուցիչների վերապատրաստման, իրավաբանական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև ընտրությունների օրը և դրան հաջորդած օրերին բողոքարկման գործընթացների համար: ԹԻՀԿ-ը պատասխանատու է եղել առավելապես դիտորդների ներգրավման, նրանց տվյալների համակարգման, դասընթացների և դիտորդական առաքելության   կազմակերպման), ինչպես նաև համատեղ զեկույցի նախագծի պատրաստման համար: Ընտրական գործընթացներում ԻԵՄ-ի ներգրավվածությունը նախատեսված է եղել ավելի տևականորեն, քան ԹԻՀԿ-ինը, այդ պատճառով էլ որոշվել է, որ ԻԵՄ-ը հանդես կգա որպես հիմնական դիմորդ:   Ինչ վերաբերում է կազմակերպության փորձին, ապա դրապատկառելիության մասին պատկերացում կարելի էր կազմել այցելելով մեր կայքի համապատասխան բաժինը:

 

Նյութում հրապարակված է, թե իբր «Համաձայն Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ 2016թ.-ի կեսերին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին (դիմորդ) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (համադիմորդ) հակակոռուպցիոն կենտրոնին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ»:

 

Հոդվածագիրը գրում է, որ ըստ ԵՄ-ի տրամադրած տեղեկատվության` ԻԵՄ-ին և ԹԻՀԿ-ին նախորդ տարվա կեսերին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ: Սուտ է: 2016թ. կեսերին հիշյալ կազմակերպությունները դիմել են ծրագրով, իսկ դրամաշնորհային ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 462479 եվրո: Այդ գումարը կազմված է ԵՄ-ի ֆինանսավորումից և այլ աղբյուների` ԻԵՄ-ին և ԹԻՀԿ-ին հատկացրած համաֆինանսավորումից:  Ծրագրի պայմանագիրն ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին, իսկ ԵՄ-ի կողմից ԻԵՄ-ին հատկացված գումարի չափը կազմել է 370.000 եվրո: Ընդ որում, այս տեղեկատվությունը դեռևս փետրվարի 24-ին համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել են թե՛ Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին (տե՛ս  ԵՄ պաշտոնական հաղորդագրությունը), թե՛ ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը (տե՛ս ասուլիսի ձայնագրությունը 24-րդ րոպեից):

 

Նյութի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում ԻԵՄ-ի կողմից դիտորդների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու-չկնքելու և հարկային պարտավորությունների կատարման հարցերի վրա: Այնինչ, մինչ այդ հրապարակայնորեն պարզաբանվել էր (տե՛ս ԻԵՄ-ի նախագահ Լուսինեի Հակոբյանի տված հարցազրույցները hraparak.am և tert.am կայքերին), որ կազմակերպությունն  աշխատանքային հարաբերությունների մեջ չի եղել դիտորդների հետ, ոչ էլ նրանք ծառայություն են մատուցել կազմակերպությանը: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ դիտորդությունը կամավորության սկզբունքի վրա հիմնված առաքելություն է։ Դիտորդը ծառայություն է մատուցում հասարակությանը, ծառայում է հանրային շահին` որպես հանրային հսկիչ կամավորական հիմունքներով։ Իսկ կազմակերպությունը նախատեսել էր դիտորդության դիմաց տրամադրել օգնություն, որը հանդիսանում է ֆինանսական խրախուսանք՝ քաղաքացիական ակտիվությունը խթանելու նպատակով։ Հարկ ենք համարում արձանագրել, որ կազմակերպությունը կատարել և կատարում է օրենքով նախատեսված իր բոլոր հարկային և այլ պարտավորությունները:

 

Հեղինակի վկայակոչած Էմմա Կարապետյանը, որը ներգրավված է եղել իբրեւ դիտորդ, մի շարք sms-ներ է ուղարկել ԻԵՄ-ի աշխատակիցներից մեկին (անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակել դրանք)՝ սպառնալով, որ եթե իրեն գումար չտանք, նա մեր մասին եռալեզու նյութեր կհրապարակի: Էմմա Կարապետյանը մեկն է այն անբարեխիղճ դիտորդներից, ում սպառնալիքները, ինչպես երևում է իր իսկ տված տեղեկություններից,  որևէ ազդեցություն չեն ունեցել նախատեսված ֆինանսական օգնության գործընթացի արագացման կամ դանդաղեցման վրա և նա, ինչպես նաև, մնացածը ստացել են գումարներն այն ժամանակ, երբ հնարավոր է եղել այդ ստացումը կազմակերպել: Ի դեպ, պատահական չէ, որ հոդվածում հղում է արվում դիտորդ Էմմա Կարապետյանին, որը, ինչպես հետագայում պարզեցինք, Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի Մելիք Ադամյան 2 հասցեում գրանցված «Արարատ» հեռուստաընկերության հաղորդավարներից է:

 

Ինչ վերաբերում է նյութում տեղ գտած խրախուսական գումարների փոխանցման ժամկետի հետ կապված հարցին, ապա հայտնում ենք, որ որոշակի կազմակերպական և տեխնիական խնդիրների պատճառով այդ գումարների վճարումը դանդաղել է: Այն ժամանակ, երբ նյութի հեղինակն իրականացրել է իր, այսպես կոչված, հետաքննությունը 2972 դիտորդների գերակշիռ մեծամասնությունն արդեն իսկ ստացած են եղել իրենց գումարները : Այսօր ընդամենը մի քանի դիտորդ է, որ որոշակի անձնական խնդիրների պատճառով /Հանրապետությունից բացակայելու և այլ պատճառներ/ դեռևս չեն ստացել իրենց գումարները:

 

Այսպիսով.

16 ամիս տևողության ծրագրի համար, որն սկսվել է 2016թ. դեկտեմբերի 20-ին և ավարտվելու է 2018թ. ապրիլին, ԵՄ-ի կողմից տրամադրվող 370.000 եվրոն նախատեսված է եղել հետևյալ ծախսերի համար.

 

139.588 եվրո - Դիտորդական առաքելության ծախս, որը ներառում է 3000-ից ավելի դիտորդների ֆինանսական օգնությունը, տրանսպորտային և գիշերակացի հետ կապված ծախսերը, համակարգման կենտրոնի 100-ից ավելի անձնակազմի աշխատանքի վարձատրությունը, թարգմանչական և զեկույցի պատրաստման համար նախատեսած ծախսերը: Այս գումարից են նաև կատարվել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու հետ կապված ծախսերը:

100.704 եվրո – Դիտորդների, իրավաբանների, համակարգման կենտրոննենրի աշխատակիցների վերապատրաստում, որի ընթացքում 4000-ից ավելի անձանց համար կազմակերպվել և անցկացվել են 200-ից ավելի կրկնակի դասընթացներ, հոգացվել են նրանց վերապատրաստման վայրեր տեղափոխման տրանսպորտային ծախսերը: Ինչպես նաև կատարվել են ձեռնարկների, ուղեցույցների և դիտորդների վարքագծի կանոնների և այլ նյութերի  կազմման, մշակման և տպագրման ծախսերը: Նշված գումարներից ֆինանսավորվել են նաև «Քաղաքացի դիտորդի» կայքի պատրաստումը և ընթացիկ սպասարկումը:

77.950 եվրո – Նախատեսված է որպես ծրագիրն իրականացնող թիմի (ԻԵՄ-ի և ԹԻՀԿ-ի ծրագրային թիմ) վարձատրություն: 

32.129 եվրո – Թվով 37 իրավաբանների վճարն է մեկ տարվա համար, որի շրջանակներում ԻԵՄ-ն իրականացնում է հետընտրական բողոքարկման գործընթաց՝ դիմում-բողոքներ ներկայացնելով Տարածքային ընտրական հանձնաժողովներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ վարչական դատարան և այս ատյաններն սպառելուց հետո նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Սահմանադրական դատարան:

14.629 եվրո – Գրասենյակային, տրանսպորտային, հեռահաղորդակցության, կոմունալ ծախսեր:

5.000 եվրո – Ծրագրային ծախսերի վերջնական աուդիտի համար նախատեսված վճար:

 

Ի դեպ նշենք, որ 370 000 եվրոյի 10%-ը /37 000 եվրո/ ԵՄ-ն տրամադրելու է ծրագրի ավարտից և ծրագրի հաշվետվության հաստատումից հետո միայն:

 

Ընդհանուր առմամբ, ԻԵՄ-ի իրավաբանների թիմն ԱԺ ընտրությունների վերաբերյալ Տարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացրել է 309 բողոք, որոնց հաջորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված 109 բողոքները և Վարչական դատարան ներկայացված  96 հայցերը: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ 20 բողոք է ներկայացվել ՏԸՀ-ներին, 17 բողոք` ԿԸՀ և 17 հայց էլ Վարչական դատարան:

 

Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 28-ի ՍԴՈ 1364 որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է, որ ընտրական գործընթացում առկա խնդիրների բացահայտման ու դրանց նկատմամբ հանրային անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման առումով առավել հետևողական են գործել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի քան 28.000 դիտորդներից միայն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները, որոնց օգնությամբ է հնարավոր եղել բացահայտել ՀՀ ընտրական գործընթացում առկա բացերն ու խնդիրները:  

 

Հաշվի առնելով, որ 168 ժամ-ի նյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել և այն հապշտապ արտատպվել է news.am, aysor.am, shabat.am, slaq.am, tert.am, pastinfo.am, informacia.am, armenia.shafaqna.com/am/am/ կայքերում` այս նյութն ուղարկում ենք նույն լրատվամիջոցին` դույզն ինչ չտարակուսելով, որ առաջվա պես հանրային իրազեկում ապահովելու մտահոգությամբ առաջնորդվելով՝ թերթն այս պարզաբանումը նույնպես կհրապարակի, իսկ նույն նկատառումով էլ՝ վերոնշյալ կայքերը նույն նախանձախնդրությամբ կտարածեն թերթի հրապարակումը:

 

 

Հ.Գ. Կազմակերպությունից հաշվետվողականություն ու թափանցիկություն է պահանջում ֆեյք լրագրողը, որը թաքցրել է ոչ միայն իր իրական անունը, այլև ներկայացել է մեկ այլ լրատվամիջոցից և իր հեղինակած նյութը հրապարակել այլ թերթում:

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ       

 

Կոլաժում համադրված են «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի լուսանկարն ու նյութի իրական հեղինակ Դանիել Շահումյանի ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարներից (profile picture) մեկը


Comments To "«Ֆեյք» լրագրողը թափանցիկություն է պահանջում" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: