ՀԿ-ների համատեղ հայտարարություն

Հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

 

2016թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների տրամադրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը: Թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տվյալ փաստաթղթի «նախաստորագրման» մասին տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը (տես կից), տվյալ նախաձեռնությունը կարևորվում է, քանի որ  նախատեսում է հետևյալը.

 

հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի տվյալների) ամբողջական և մատչելի տարբերակով.

ՀՀ ընտրական օրենսգրքով վերականգնել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բոլոր դաշտերի լրացման օրենքի պահանջը (անձը հաստատող փաստաթղթի համար, հաշվառման հասցե, ընտրողի ստորագրություն, հանձնաժողովի անդամի անհատական կնիք, այլ նշումներ).

համացանցի միջոցով ընտրողների ստորագրած բոլոր ցուցակները հասանելի դարձնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում քվեարկության օրվան հաջորդող ոչ ուշ քան երկրորդ օրը, սակայն միաժամանակ քվեարկութանը մասնակցած անձանց ցուցակը դիտորդներին, վստահված անձանց և թեկնածուներին տրամադրել անմիջապես քվեարկության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի սկսել ստուգման աշխատանքները.

երկարաձգել ընտրողների ստորագրված ցուցակների հիման վրա բողոքների ներկայացման ժամկետները մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը ժամը 11:00.

երկրից բացակայող ընտրողների փոխարեն այլ անձանց ստորագրելու վերաբերյալ բողոքները ստուգել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ՍԷԿՏ-ով.

խստացնել քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են ընտրակարգի դեմ հանցագործություններին` կրկնակի բարձրացնելով տուգանքը կամ որպես պատժատեսակ թողնել միայն ազատազրկումը, ինչպես նաև հիմնական պատժին ավելացնել պատժի մեկ այլ տեսակ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում.

ապահովել տեսախցիկների առկայությունը տեղամասերում և համացանցով դրանց միանալու հնարավորությունը` ընձեռելով քվեարկության գործընթացի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն և մի շարք այլ մեխանիզմներ:

Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից բազմիցս և տարբեր հարթակներում բարձրաձայնվել է, որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը հայաստանյան համատեքստում չունի այլընտրանք և որ միմիայն այդ միջոցով է հնարավոր խափանել Հայաստանում տարիներ շարունակ կիրառվող ընտրակեղծարարության այդ սխեման:

 

Արժևորելով ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրական տեղամասերը տեսախցիկներով կահավորումը և քվեարկության ու ձայների հաշվարկի փուլերի տեսաձայնագրումը և համացանցով հեռարձակումը, ինչպես նաև վերը նշված մյուս կարևոր հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքը, այդուհանդերձ, շեշտում ենք, որ նախ՝  դա որևէ կերպ չի նշանակում հավանություն 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքին, երկրորդ՝ օրենսդրական փոփոխություններից հետո, անհրաժեշտ է քաղաքական կամք նաև դրանք գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ:

 

Ինչպես նշվել է ս.թ. սեպտեմբերի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարության մեջ, ցուցակների հրապարակումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար ընտրության իրավունքի սկզբունքներին համապատասխան: ՀՀ ընտրական օրենսգրքում լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ բաց համամասնական ընտրական համակարգը, մասնավորապես` տարածքային ցուցակները, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեությունը խոչընդոտող լրացուցիչ մեխանիզմները, որոնք էապես վտանգում են ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձևավորումը Հայաստանում, վնասում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությանը, ինչպես նաև՝ չեն նպաստում ընտրական ինստիտուտի ու գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ու հավատի հաստատմանը:

 

Հաշվի առնելով սույն հայտարարության հիմքում ընկած երկխոսության որոշակի գործընթացը,  ակնկալում  ենք որ իշխանությունը կշարունակի ընտրական օրենսդրության և համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքը և քաղաքական կամք կդրսևորի առ այն, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընտրական օրենսգրքի համաձայնեցված փոփոխությունների հետ միասին վերացվեն նաև հանրային վերահսկողության սահմանափակումները` վերականգնելով դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները առնվազն նախորդ` 2011թ.  ընտրական օրենսգրքի մակարդակով, սահմանելով դիտորդների բացահայտումների պաշտոնական արձանագրման ընթացակարգ և դիտորդական կազմակերպություններին ընձեռելով հնարավորություն` բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները: Սրանք են այն նվազագույն քայլերը, որոնք ի զորու են ձևավորել Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների նկատմամբ հանրային վստահության հիմքեր:

 

Որպես քաղաքական կամքի և ժողովրդի հետ կայուն երկխոսության դրսևորում՝ մասնավորապես վերը ներկայացված նախադրյալների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական համակարգի նոր էջ բացելու նպատակով առաջարկում ենք իշխանական և ոչ իշխանական կուսակցություններին 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական համաձայնության գալ ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ` որպես նոր ձևավորվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրական անկախությանը հասնելուն միտված քայլ։

 

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ

«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ


Comments To "ՀԿ-ների համատեղ հայտարարություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: