Ընտրողների ստորագրած ցուցակները հասանելի չեն

 

ԽԱԽՏՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ժամ, 4 ապրիլի, 2017 թ.

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ընտրության մասնակիցների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեին 04․04․2017թ․՝ մինչև  ժամը 12։00-ն։ Արձանագրում ենք, որ այս պահին (04.04.2017թ.-ի ժամը 19:00-ի դրությամբ) ԿԸՀ կողմից իր կայքէջում տեղադրված հղումները հիմնականում չեն աշխատում:  Այսինքն, իշխանությունների կողմից ստանձնված այս պարտավորության ձախողմամբ կոպտորեն խախտվել է ընտրական օրենսգրքի պահանջը:

Չնայած նրան, որ elections.am/lists հղումով կարելի է գտնել ընտրողների ստորագրած ցուցակների անունները, ըստ էության դրանք հասանելի չեն։Յուրաքանչյուր տեղամասի ցուցակ կարելի է դիտել այն բացել փորձելուց երկար ժամանակ անց, սակայն այս հնարավորությունն անգամ հասանելի չէ բոլոր տեղամասերի ցուցակների դեպքում։ Ցուցակների մեծամասնության դեպքում ուղղակի հնարավոր չէ դիտել դրանց պարունակությունը։  Փաստորեն ընտրողների ստորագրած ցուցակներն ըստ էության հասանելի չեն քաղաքացիներին, դիտորդական կազմակերպություններին և կուսակցություններին։

Հիշեցնում ենք, որ 2017թ.-ի ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքացիների պաշտոնապես հրապարակված թիվը բավական մեծ է, և իրական մասնակցությունը ստուգել հնարավոր է միայն ընտրության մասնակիցների ստորագրած ցուցակների միջոցով, ինչն այս պահին անհնար է։

Հիշեցնում ենք նաև, որ ընտրություններին մասնակցության վերաբերյալ կեղծիքների եւ խախտումների մասին դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանում է 05.04.2017թ.-ի ժամը 11:00-ին: Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ ԿԸՀ-ի այս գործելաոճը ոչ թե տեխնիկական խափանման հետեւանք է, այլ՝ ընտրություններին մասնակցության իրական պատկերը թաքցնելուն ուղղված գործելաոճ, չբացառելով որ, սրա նպատակներից է զրկել գործընթացի մասնակիցներին կեղծ մասնակցության դեպքերի կապակցությամբ բողոքներ ներկայացնելու ողջամիտ հնարավորությունից:
 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն՝
          

«Իրավունքի Եվրոպա միավորում» հկ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ

«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հկ

 


Comments To "Ընտրողների ստորագրած ցուցակները հասանելի չեն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: