Խախտումներով նախաքննություն

 Նախաքննությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներովվերաքննիչը՝ Գասպարիի խոշտանգումների գործի մասին

 

Անցած տարեսկզբին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ քաղաքացի Վարտգեզ Գասպարին կալանավորվել էր և կալանավայրում ենթարկվել խոշտանգումների։ Գասպարին հայտնել էր, որ իրեն հարվածել են ոտքերով և  պոլիէթիլենային շշով, ջուր լցրել իր վրա, հայհոյել և բռնության ենթարկել։ Չնայած նրան, որ հարուցվել էր քրեական գործ, ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հ․ Հովհաննիսյանը որոշում էր կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը բողոքարկել էր այս որոշումը նախ ՀՀ գլխավոր դատախազություն․ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ․ Մելքոնյանը ևս մերժել էր բողոքը՝ այն համարելով անհիմն։  Այս որոշումները փաստաբանը բողոքարկել էր դատարան, սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը նախկին որոշումները համարել էր  օրինական և հիմնավորված՝ նշելով, որ դրանով չեն խախտվել Գասպարիի իրավունքները։

 Ի տարբերություն նախորդ ատյանների՝ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Գասպարիի պաշտպանի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ համարելով, որ նախաքննությունը տեղի է ունեցել մի շարք էական թերություններով և օրենքի խախտումներով, որի հետևանքով քրեական գործով տուժող ճանաչված անձի իրավունքները և ազատությունները խախտվել են քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշմամբ։

 Անդրադառնալով նախաքննության թերություններին՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ նախաքննական մարմինը չի իրականացրել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ․ «Փակ սոցիումի պայմաններում կատարված հանցագործությունները, հատկապես խոշտանգման դեպքերը ակնհայտորեն անիրատեսական է բացահայտել նույն սոցիումի անդամներից ցուցմունքներ վերցնելու միջոցով»։  Ըստ Գյուրջյանի՝ բացի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասով դրսևորած անգործությունից՝ քայլեր չեն արվել նաև պարզելու, թե ով էր Գասպարիի չորրորդ խցակիցը։

Վերաքննիչ դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո գործի քննությունը պետք է վերսկսի։


Comments To "Խախտումներով նախաքննություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: