Կմիջնորդեն հարցաքննել Լևոն Երանոսյանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Էլեկտրիկ Երևան»-ի օրերին լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը վերաբերող դատական գործի քննությունը: Հիշեցնենք, որ դեպքից միայն մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ՝ Կոնստան Բուդաղյանին, Տաճատ Նորատուկյանին և Արթուր Այվազյանին մի շարք լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, իսկ Փերիխանյանի մասով՝ նաև  «Ուտոպիանա» մշակութային հկ-ի և «Ազատություն» ռադիոկայանի գույքը վնասելու համար:  

Նիստի ընթացքում հարցաքննվեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Հովհաննես Շողիկյանը, Սիսակ Գաբրելյանը և ոստիկաններ Վահագն Աղաջանյանը, Վահագն Գևորգյանը։

Վահագն Աղաջանյանի պատասխանից պարզ դարձավ, որ լրագրողին բերման ենթարկելիս ենթադրել է, որ նա իրավախախտ է, քանի որ ըստ նրա եթե այլ ոստիկան քաղաքացու է բերման ենթարկում, իր «աչքերում նա արդեն իրավախախտ է», իսկ թե կոնկրետ կոնկրետ ինչ իրավախախտում է կատարել այդ անձը արդեն կարող են պարզել հետագայում։

Ավելի ուշագրավ էին Վահագն Գևորգյանի ցուցմունքները, որոնք ամբողջությամբ հակասում էին նրա նախաքննական ցուցմունքներին։ Գևորգյանը, որը լրագրող Խաչատուր Եսայանին բաժին բերման ենթարկածներից էր, դատարանում ասաց, որ չի նկատել, որ Եսայանը լրագրողական բեյջ ունի։ Ի պատասխան Դավիթ Գյուրջյանի հարցի, թե լսե՞լ է, որ Եսայանին որևէ մեկը հայհոյած լինի, նա պատասխանեց, որ չի լսել։ Փաստաբանը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Պարզվեց, որ նախաքննության ժամանակ Գևորգյանը փաստացի ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ընդունելով, որ բեյջը տեսել է, ինչպես նաև՝ Կոնստան Բուդաղյանը բերման ենթարկելիս հայհոյել է Եսայանին։ Ըստ Գևորգյանի՝ քննիչը հավանաբար ճիշտ չի հասկացել իր  ցուցմունքը, այնինչ նախաքննական ցուցմունքի վերջում Գևորգյանն ինքնուրույն գրել էր, որ ուշադիր կարդացել և ստորագրել  է ցուցմունքը։ Ստացվում է, որ կա՛մ քննիչն է արձանագրել իրականությանը չհամապատասխանող փաստական հանգամանքներ, կա՛մ Գևորգյանը ստում է․ երկու դեպքն էլ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ են:

Կարևոր էին նաև լրագրողներ Հովհաննես Շողիկյանի և Սիսակ Գաբրիելյանի ցուցմունքները։ Շողիկյանն ասաց, որ Ազատության հրապարակում տեսել է Լևոն Երանոսյանին (վերջինս ոստիկանության զորքերի հրամանատարն է), իսկ Գաբրիելյանը, բացի վերոգրյալից, հայտնեց նաև, որ իր հիշելով՝ իր գործընկեր Հովհաննես Մովսիսյանից կամ հետագայում ուսումնասիրված տեսանյութից տեղեկացել էր, որ Երանոսյանը հրաման է հնչեցրել ոստիկաններին խլել լրագրողների տեսանկարահանող սարքերը։

Հիշեցնենք, որ լրագրողների տեսանկարահանող սարքերը խլելու մասին Լևոն Երանոսյանի հրաման տալու մասին իր ցուցմունքում նշել էր նաև տուժող Աշոտ Բոյաջյանը։ Վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ սա հիմք է ծառայելու մյուս դատական նիստին Երանոսյանին հարցաքննության հրավիրելու միջնորդություն ներկայացնելու համար:

Այս գործով հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին: Այդ օրը հետազոտվելու են գործով ձեռք բերված տեսանյութերը: 


Comments To "Կմիջնորդեն հարցաքննել Լևոն Երանոսյանին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: