ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

3 հոկտեմբերի 2016թ.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2016թ. սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին իրականացրել են դիտորդական առաքելություն 16 համայնքների (Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար), իսկ հոկտեմբերի 2-ին՝ 18 համայնքների (Գյումրի, Վանաձոր, Գողթ, Գառնի, Նոր Երզնկա, Արգել, Կապան, Ծաղկաշատ, Ախթալա, Լեռնապատ, Արթիկ, Վայք, Շատին, Գլաձոր, Մարտունի, Ալավերդի, Մեծ Այրում և Արևածագ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում

Նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին դիտարկված 56 տեղամասերում արձանագրել են մոտ 150, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկված 122 տեղամասերում՝ մոտ 190 ընտրախախտում, այդ թվում՝

·        Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ (անվան բացակայություն կամ մահացած անձի անվան առկայություն),

·        Քվեարկության գաղտնիության խախտումներ,

·        Բազմակի (այլ անձի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձեր (քվեարկողի անվան դիմաց ստորագրություն),

·        Ընտրողների (հատկապես՝ տարեց մարդկանց) ուղղորդում տեղամասի ներսում և տեղամասից դուրս,

·        Ընտրողին օգնելու կարգի խախտումներ,

·        Քվեարկության նկատմամբ վերահսկողություն,

·        Դիտորդի/ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտումներ, նրանց աշխատանքների խոչընդոտում կամ նրանց դիտարկումների չգրանցում գրանցամատյանում,

·        Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործողությունների կազմակերպման կարգի խախտումներ,

·        Քարոզչանյութերի առկայություն և ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում,

·        Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասերից 50 մետր շառավղով,

·        Կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում,

·        Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասերում:

Վերոնշյալ ընտրախախտումները, հատկապես որոշ համայնքներում ընտրարշավի ընթացքում տեղ գտած հանցագործությունների համատեքստում, թույլ են տալիս եզրակացնել, որ 2016թ. աշնան ՏԻՄ ընտրությունները չեն անցել ազատ և արդար՝ կամքի ազատ ձևավորման և արտահայտման սկզբունքների պահպանմամբ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 2013թ. ի վեր ընտրական գործընթացների նկատմամբ, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իրականացնում է դիտորդական առաքելություն և արձանագրում է, որ ո՛չ տեղամասային, ո՛չ ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էական բարելավում չի նկատվում: Ընտրախախտումներն ընդհանուր առմամբ կրկնվում են ընտրությունից ընտրություն և, միայն մրցակցությամբ կամ տվյալ ընտրության քաղաքական նշանակությամբ պայմանավորված, ավելի կամ պակաս ցայտուն կամ ծավալուն է ընտրախախտումների դրսևորումը: Ակնհայտ փաստ է, որ անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում որոշ չափով կանխարգելում է խախտումները, սակայն ընտրատեղամասից դուրս ընտրողի ազատ կամարտահայտության վրա ազդող գործոններն,այդ թվում՝  վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսի գործածման  դրսևորումներըը հիմանկանում  անվերահսկելի են: Գործնականում դրանք կարող են դրսևորվել քվեարկության գաղտնիությունը խախտելով, ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելով, այլ անձանց փոխարեն քվեարկելով, ընտրողներին ուղղորդելով, քվեաթերթիկներ տեղամասից դուրս բերելով կամ այդպիսի փորձերով: Դրանց կանխման, բացահայտման և վերացման ուղղությամբ ընտրական գործաընթացի օրինականության համար պատասխանատու պետական մարմինների կողմից չի ձեռնարկվում և ոչ մի արդյունավետ գործողություն: Ուստի, ակնհայտ է, որ ընտրակաշառքը, բռնաճնշումները և ահաբեկումներն են լինելու այն մեխանիզմները, որոնց ապավինելու է իշխող կուսակցությունը՝ հատկապես տարածքային համամասնական ցուցակների միջոցով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցանկալի արդյունք ստանալու համար: Այս ամենը հստակ վկայությունն են այն փաստի, որ պետական իշխանություն իրականացնող մարմինները չեն դրսևորում անհրաժեշտ քաղաքական կամք ազատ և արդար ընտրությունների ապահովման համար, և առանց միջոցների միջև խտրականություն դնելու ամեն գնով իրականացնում են ժողովրդի իշխանության յուրացում:


Comments To "ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: