Հ. Թովմասյանի դեմ հայցով գործի առաջին նիստը

Հրայր Թովմասյանի դեմ հայցով գործի առաջին նիստը` տեսանկարահանման հարցի շուրջ վեճով ու ինքնաբացարկի միջնորդությամբ 

Երեկ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի գործով առաջին նիստը սկսեց նիստի տեսանկարահանման մասին վեճով: Երբ Լուսինե Հակոբյանը միջնորդեց դատարանին, որ  «Իրավունքի Եվրոպա միավորում»-ի ներկայացուցիչը տեսանկարահանի նիստը, Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե նիստն ամբողջության տեսանկարահանվեր, ինքը դեմ չէր լինի, սակայն այժմ դեմ է: Տիգրան Եգորյանի այն պնդմանը, որ այդ դեպքում իրենք կնկարահանեն ամբողջությամբ, Օրբելյանը երաշխիք ուզեց, որ տեսանյութն կտարածվի ամբողջությամբ: Ի վերջո դատարանը որոշեց թույլ տալ կազմակերպության ներկայացուցչին մի քանի լուսանկար անել և 5 րոպե տեսանկարահանել` անմիջապես որոշումից հետո: Դատարանը թույլ չտվեց փաստաբան Տիգրան Եգորյանին հայտարարություններ կամ առարկություններ ներկայացնել իր որոշման վերաբերյալ` ասելով, որ փաստաբանը դրա իրավունքը չունի: Դատավորը հրաժարվեց պատասխանել նաև փաստաբանի հարցերին` պնդելով, որ ոչ հարց տալու և ոչ էլ իր որոշումների վերաբերյալ առարկելու կամ հայտարարություններ անելու իրավունք վերջինս չունի: Հկ-ների փաստաբանները որոշեցին ինքնաբացարկ հայտնել դատավորին: Դատավորը չընդունեց բանավոր միջնորդությունը` պնդելով, որ միջնորդությունը ներկայացվի գրավոր, և միջնորդություն ներկայացնելու համար նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 29-ին` ժամը 14:30:

Հիշեցնենք, որ հկ-ները հայց են ներկայացրել արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ վերջինս արատավորել է իրենց գործարար համբավը և պահանջել հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ: 

Նախապատմությունն այն է, որ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները,  Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային է (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:                                                    

Հիշեցնենք, որ Թովմասյանի դեմ հայց ներկայացրած կազմակերպություններն արդեն տևական ժամանակ է, ինչ դիտարկում են ՀՀ-ում ընթացող ընտրությունները: Կազմակերպությունները շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը, փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Քրիստինա Գևորգյանը, իսկ Հր. Թովմասյանինը` փաստաբաններ Արամ Օրբելյանը և Նարինե Բեգլարյանը: 


Comments To "Հ. Թովմասյանի դեմ հայցով գործի առաջին նիստը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: